«ՅԱԽՏ ԿԼՈՒԲ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009թ. սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, երեկ, այցելելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, հանձնեց մի նամակ: Նա, անդրադառնալով հունիսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցին, կշտամբելով եւ իր բողոքն արտահայտելով, որոշ բացահայտումներ արեց:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել էր Մհերյանի սպանության բացահայտման նպատակով Աշոտ Կարապետյանին տրված հատուկ հանձնարարականների մասին՝ ասելով. «Շատ լավ է, որ համապատասխան հանձնարարականներ են տրվել, ու մարմիններ են ստեղծվել: Բայց մինչեւ այդ ո՞վ է զբաղվել՝ կաթի կոմբինա՞տը, թե՞ «Ջրմուղ»-ը, ինչի՞ մասին է խոսքը: Թե՞ այն ժամանակ մարմինները մարմին չէին: Ողջունելի է, որ մարդիկ նորից խումբ են ստեղծել, նորից աշխատում են եւ զբաղվում այդ խնդրով: Դա լավ է: Բայց որ ինչ-որ մարդիկ ասում են, թե նախկինում չի եղել, եւ ահա հիմա համապատասխան խումբ է ստեղծվում, ուրեմն նրանց հիշողությունն եմ թարմացնում. նախկինում նման խմբեր շատ են ստեղծվել, անընդհատ թարմացրել ենք, ամեն անգամ նոր վերսիաներ ենք մշակել: Բայց չի բացահայտվել: Տա Աստված՝ բացահայտվի»:
Եվ այսպես, ներկայացնում ենք Պետրոս Մհերյանի նամակը:
«Ուղղակի կուզանայի ասել, որ նախկին ոստիկանապետն առնվազը պարտավոր է իմանալ «խուզարկություն» եւ «զննություն» բառերի, ինչպես նաեւ «մարմին» ստեղծելու  եւ «խումբ» ստեղծելու  տարբերությունները, դա խոսում է մարդու մասնագիտական ունակությունների մասին: Դե ի՞նչ անենք, մարդն աշխատում է իր հնարավորությունների սահմանում, եւ եթե մարդը կաթի կոմբինատի աշխատակցի մակարդակ ունի, ապա սա է լինում արդյունքը: Բացի այդ, ի տարբերություն Ալիկ Սարգսյանի՝ իմ կողմից արված ցանկացած հայտարարություն հիմնավորված է համապատասխան փաստաթղթերով, իսկ եթե նա տեղյակ չէ, թե ինչի տակ են ստորագրում իր անմիջական ենթակայության տակ գտնվող աշխատակիցները եւ տեղակալները, ապա դա եւս նրա «լավ» մասնագետ լինելու մասին է խոսում: Ինչ վերաբերում է կատարված աշխատանքներին, ապա ընդամենը մեկ հարց. ինչո՞ւ «Յախտ կլուբ»-ը մի աշխատասենյակից մյուսը գնալու ճանապարհին դառնում է «լողափ», միգուցե խնդիրը «Յախտ կլուբ»-ի սեփականատեր լինելու հանգամա՞նքն է: Կամ եթե այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա. Երիցյանի, ՀԿԳ քննիչ Ս. Տոնոյանի, ՀԿԳ քննիչ Վ. Ջանազյանի, ՀԿԳ քննիչ Ա. Վարդանյանի եւ մասնագետ Ա. Ավետիսյանի ստորագրություններով  իմ որդու` Գեւորգ Մհերյանի  աշխատասենյակի  զննում կատարելու  վերաբերյալ արձանագրությունը «ցնորք» է, ապա Ալիկ Սարգսյանի՝ պետական համակարգում աշխատելն առնվազն խեղկատակություն է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս