Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, նման էր մղձավանջային երազի. Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 156-րդ տեղում ընթացող Մալթայի ընտրանուն: Ընդ որում, մեր հավաքականը ցուցադրեց անատամ, անիմաստ եւ ուղղակի անհետաքրքիր ֆուտբոլ, որն անակնկալի չբերեց գերհամեստ Մալթայի հավաքականին:
«Ֆուտբոլսիթի» կայքի մասնագետներն առանձնացրել են այն պատճառները, որոնք ապացուցում են Վարդան Մինասյանի` պարտության գլխավոր մեղավոր լինելը: Մասնավորապես սխալ տակտիկան, որն անհասկանալի էր գրեթե բոլորի համար: Գլխավոր մարզիչը, ունենալով 80 րոպե, չկարողացավ վերադասավորել խաղը եւ հաղթել գերհամեստ Մալթայի հավաքականին: Շատ դեպքերում մարզիչներն առանց փոխարինումների կարողանում են վերադասավորել խաղը, սակայն Վարդան Մինասյանը, ունենալով Յուրա Մովսիսյան եւ Արթուր Սարկիսով, չկարողացավ ճիշտ գործել: Իսկ հավաքականի առաջատարները Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ ուղղակի ձախողեցին հանդիպումը, եւ միակ ֆուտբոլիստը, որն իսկապես ակտիվ էր, Արաս Օզբիլիսն էր, ում օգտակար գործողության գործակիցն էլ բավական ցածր էր:
Բնականաբար, Հայաստանի հավաքականի խայտառակ խաղն ակտիվորեն քննարկվում էր սոցիալական ցանցերում: «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Զոհրապ Եգանյանը մասնավորապես նշել է. «Հայաստանում ֆուտբոլը մեկ կամ երկու մարդու ձեռքում է, եւ Վարդան Մինասյանը կմնա մարզիչ, քանզի անձնական լավ հարաբերություն ունի նրա հետ, ում հետ որ պետք է ունենալ` ֆուտբոլում առաջ գնալու համար»: Իսկ Գոռ Գեւորգյանը գրել է. «Մեր տղաների խաղն ինձ հիշեցնում էր մոլեկուլների քաոսային շարժում: Այդ նույն տղաներից մի քանիսը իրենց ակումբներում լավ, որոշ դեպքերում էլ՝ շատ լավ խաղ են ցուցադրում, բայց այսօր խաղադաշտում ես չտեսա թիմ, որն ամենակարեւորն է ֆուտբոլում»:
Իսկ ահա Վարդան Մինասյանը խաղից հետո ասաց. «Ես եմ այս պարտության մեղավորը, իմ վրա եմ վերցնում մեղքը: Եթե մեղավոր եմ, թող պաշտոնանկ անեն ինձ: Ես մեկ անգամ հրաժարական տվել եմ, երկրորդ անգամ, կարծում եմ, ծիծաղելի կլինի նույնն անել: Եթե մեղավոր եմ, թող հեռացնեն»: Այս պարտությունում, համոզված ենք, իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ այն մասնագետները, որոնք պարզապես սարսափում են որեւէ քննադատական խոսք ուղղել հայկական ֆուտբոլի պատասխանատուների, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեին:
Իսկ այսօր` Երեւանի ժամանակով 22:15-ին, տեղի կունենա Դանիա-Հայաստան հանդիպումը, որից, գրեթե համոզված ենք, ֆուտբոլասերներն արդեն որեւէ ակնկալիք չունեն:
ԱՆԱՏԱՄ, ԱՆԻՄԱՍՏ ԽԱՂ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ