ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Օրեր առաջ կայացել է հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանի` Դելոյի հարսանիքը: Դելոյի հարսնացուն՝ Ռուզաննան, ԱՄՆ-ից է: Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Հովհաննես եկեղեցում: Նորապսակների քավորը Դելոյի մտերիմ ընկեր, դերասան, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն է, իսկ «ազաբը»` Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդին` Ավո Գեւորգյանը: Հարսանիքին ներկա են եղել մոտ 200 հյուրեր, սակայն բացակա է եղել հարսնացուի հայրիկը, որը չի կարողացել ժամանել Միացյալ Նահանգներից` փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:
Նորապսակները որոշել են մի քիչ հետաձգել հարսանեկան ճամփորդությունը, նրանք մտադիր են շրջագայել ամերիկյան քաղաքներով:
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը հանդես է գալու առաջին համարի ներքո: Այս մասին տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը: Վիճակահանության արդյունքների համաձայն` մասնակից 10 երկրները հանդես են գալու հետեւյալ հերթականությամբ՝ 1. Հայաստան, 2. Բելառուս, 3. Նիդերլանդներ, 4. Շվեդիա, 5. Ուկրաինա, 6. Չեխիա, 7. Լեհաստան, 8. Նորվեգիա, 9. Սլովենիա, 10. Գերմանիա:
Վ. Մարգարյանը ներկայացնելու է «Փակուղի» մենապարը, բեմադրությունը` Արսեն Մեհրաբյանի: Մրցույթը կայանալու է հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:
ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՇԽԱՏԻ
Ռուսաստանի Մեծ թատրոնի ղեկավարությունը չի երկարաձգել մենապարող Նիկոլայ Ցիսկարիձեի պայմանագիրը: Նա վերջին շրջանում հանդես էր գալիս թատրոնի քաղաքականության քննադատությամբ: Ուրբաթ օրը թատրոնը ծանուցում է ուղարկել Ցիսկարիձեին՝ հայտնելով, որ իր պայմանագիրը չի երկարացվելու, դրա ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Սակայն մինչ այս քայլին դիմելը Մեծ թատրոնի ղեկավարությունը բազմիցս նկատողություններ է արել արտիստին՝ առանց թույլտվության հարցազրույցներ տալու համար, անգամ մեղադրել թատրոնի աշխատակիցներից Սերգեյ Ֆիլինի դեմ ծծմբական թթվով հարձակման մեջ: