ՀԱՐՑ. Անցյալ տարի` ամռանը, Սարյան փողոցի ամբողջ երկարությամբ` երկու մայթերում, ծառերի ոռոգման նպատակով քաղաքապետարանի կողմից կատարվեց հսկայական աշխատանք` անցկացվեց խողովակաշար: Սակայն ո՛չ աշնանը եւ ո՛չ էլ այժմ ոչ մի աշխատանք չի կատարվում ջրի հոսքը կանխելու համար: Ի՞նչ է արվում ոռոգման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սարյան փողոցի ոռոգման ջրով անընդմեջ եւ հաճախակի մատակարարման հարցը պայմանավորված է հիմնականում Մաշտոցի պողոտայի սնվող ջրի ընդհանուր պաշարից: Ներկայումս պողոտայի սիզամարգերը ձեւավորվում են ծաղկասածիլներով, եւ ջրի պահանջը մեծ է, ուստի Սարյան փողոցին ոռոգման ջուր կմատակարարվի պարբերաբար՝ ոչ մեծ հաճախականությամբ, երբ Մատենադարանի, Մաշտոցի եւ գլխավոր պողոտայի (Մաշտոց-Կողբացի) կանաչ զանգվածի հողաշերտը բավարար հագեցած կլինի ջրի քանակով:
Հնարավորինս միջոցներ կձեռնարկվեն «Կենտրոն-կանաչապատում» ընկերության կողմից, որպեսզի հարցին դրական լուծում տրվի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, հաճելի է, երբ մայրաքաղաքում շրջելով` նկատում ենք օր օրի ավելացող կանաչապատ տարածքները: Բայց պատասխանից պարզ է դառնում, որ եթե Երեւանի կենտրոնում տեղի են ունենում կանաչապատման աշխատանքներ, ավելանում են մի քանի ծառ ու ծաղիկ, ապա մյուս կանաչապատ տարածքները ստիպված զրկվում են ոռոգումից: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են մայրաքաղաքի ծայրամասային հատվածները, որոնք գրեթե միշտ, մեղմ ասած, անտեսված են: