Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատեւ ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, “Օգնիր Եղբորդ” քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի:
Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը:
Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ անապահով ընտանքներին (սնունդ, դեղորայք եւ այլն), հիմնադրամը կատարելու է նաեւ աշխատանքներ սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման համար:
Այս ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր:
Միեւնույն ժամանակ Երեւանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում:
Աշխատանքները սկսված են եւ բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ “Օգնիր Եղբորդ” բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու եւ հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար: