Աղմկալի պատմություն Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի շուրջ. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը դիմում-միջնորդություն է ներկայացրել Լիտվայի դեսպանատուն, որպեսզի իրեն ծանոթ ամուսիններին տրամադրվի մուտքի արտոնագիր` վիզա, արտերկիր մեկնելու համար: Արդյունքում ամուսինները «քցել» են պատգամավորին եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատանը:
Վերջին տարիներին բավականին շատ խոսվեց այն մասին, որ ՀՀ քաղաքացիները տարբեր կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ արտերկիր մեկնելու նպատակով: Արդյունքում, հայտնվելով արտերկրում, ժամանակը լրանալուն պես չեն վերադառնում Հայաստան: Այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով` սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր` վիզա, տրամադրելու գործընթացքը դարձավ ավելի բարդ: Ոմանք, սակայն, այս իրավիճակում էլ փորձում են ելքեր գտնել` ներկայացնելով ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ:
Այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս երկու ամուսինների համար դիմում միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի ամուսիններին մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր: Լիտվայի դեսպանատունն էլ, տեսնելով, որ առկա է Ազգային ժողովի պատգամավորի երաշխավորությունը, քաղաքացիների դիմումը բավարարել է եւ նրանց վիզա տվել:
Եվ, ահա, ամուսինները բարեհաջող մեկնել են Հայաստանից, սակայն երբ եկել է նրանց վերադառնալու ժամանակը, վերջիններս չեն ցանկացել վերադառնալ: Արդյունքում ստացվում է, որ պատգամավորը «քցել» է դեսպանատանը, եւ նրանց լուրջ խնդիրների առաջ կանգնեցրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լիտվայի դեսպանատունը պատգամավորին հրավիրել է զրույցի, որպեսզի կարողանան հասկանալ, թե ովքեր են իրականում եղել իր կողմից երաշխավորված անձինք: Հովհաննես Մարգարյանը զարմացել է եւ մեկ ամիս ժամանակ է խնդրել Լիտվայի դեսպանատնից, որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ իր կողմից երաշխավորված եւ մուտքի արտոնագիր ստացած ամուսինները չեն վերադարձել Հայաստան:
Կատարվածի մասին Լիտվայի դեսպանատնից տեղակ են պահել նաեւ ՀՀ արտգործնախարարությանը, որտեղ դա շատ խիստ դժգոհություն է առաջացրել:
Չի բացառվում, որ պատգամավորի կողմից երաշխավորված ամուսինների` երկրից անվերադարձ հեռանալու մտադրության մասին Աժ պատգամավորը տեղյակ չի եղել եւ միջնորդությունն անելիս չի էլ պատկերացրել, թե ինչ խնդրի առաջ է կանգնեցնելու դեսպանատանը: Սակայն կարծիքներ կան, որ պատգամավորը լավ էլ տեղյակ է եղել, որ ամուսինները մեկնում են` չվերադառնալու նպատակով: Ավելին՝ որոշ տեղեկությունների համաձայն` Հովհաննես Մարգարյանը այսօրինակ միջնորդությունների արդյունքում «կլորիկ գումար» է աշխատում:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, որը վստահեցրեց, որ ներկայացված տեղեկությունները սուտ են. «Ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քաղաքացիներ են եղել գյուղից, ովքեր դիմել են, գնացել են, հասել են այդ երկիր, եւ տվյալ քաղաքում այդ քաղաքացին վատացել է, վիրահատել են, երկրորդ վիրահատությունն օրերս են արել, եւ վիրահատությունից հետո հետ են գալու: Այսօրվա դրությամբ օրենքով սահմանված կարգով կա գրանցված համապատասխան հիվանդանոցը, ծանր վիրահատության են ենթարկել: Մեկ վիրահատությունը տարել է այդ օրերին, մեկն էլ օրեր առաջ: Իրենք էլ գիտեն այդ մասին, ուղղակի խնդրել են, որ այդ քաղաքացին, երբ գա Հայաստան, ներկայանա դեսպանատուն, այդքան բան»:
Մեր դիտարկմանը, թե բավականին զարմանալի է, որ Հայաստանում միանգամայն առողջ քաղաքացին մեկեն այն աստիճան է վատացել Լիտվայում, որ չի կարողացել վերադառնալ, գուցե դա ընդամենը պատրվակ է, Մարգարյանը պատասխանեց. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է: Այդ հարցը մենք քննարկել ենք բոլորի հետ, ես խնդիր չեմ տեսնում»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հովհաննես Մարգարյանը վիզաների հարցերով է զբաղվում, շատ մարդկանց համար միջնորդ է հանդիսանում, եւ դեռ ավելին` կասկածեր կան, որ նա այս ամենի դիմաց «կլորիկ գումար է» աշխատում, պատգամավորը վստահեցրեց, որ այդ ամենը զրպարտություն է. «Դա զրպարտություն է իմ հասցեին, իմ կողմից երկու միջնորդություն է եղել ամբողջ 15 տարվա մեջ: Նման բան չի եղել, մարդը խնդրել է, որ օգնեմ: Այս մարդիկ գնացել են շրջագայելու նպատակով, խնդիր չունեմ: Արտաքին գործերի նախարարության հետ խնդիր չկա: Այդ մարդը հենց ապաքինվի, կվերադառնա, վերջ»:
Հարցին` վստահ եք, որ կվերադառնա, պատգամավորը պատասխանեց.«Չէ՛, չէ՛, նման խնդիր չկա, կվերադառնան, ուղղակի, տա Աստված, ողջ-առողջ վերադառնա: Ես ուղղակի դեսպանի հետ որ խոսեցի, իրենք ասեցին՝ ինչքան ժամանակ կտեւի, որ նա վերադառնա, ես ասեցի՝ երեւի մեկ ամիս, հիմա կարող է՝ 5 օր հետո ապաքինվի: Ինքը երեխաներ ունի, նորմալ մարդ է: Ես շնորհակալ եմ դեսպանից, ուղղակի դեսպանը ինձ ասաց, որ այդ մարդիկ, երբ վերադառնան, անպայման գան, ներկայանան դեսպանատուն»:
Հուսանք, որ ՕԵԿ-ական պատգամավորի կողմից երաշխավորված եւ արտերկրի մուտքի արտոնագիր ստացած քաղաքացիները կվերադառնան Հայաստան եւ պատուհաս չեն դառնա ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան համար:
Քնար Մանուկյան