ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՈՒԶՎԵՑ ՈՒ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԲԱՌՆ ԱՐՏԱՍԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Երեւանի ավագանու հատուկ նիստում երդվեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երդման արարողությանը ներկա էին երկրի առաջին դեմքերը՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ կառավարության եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները, ԱԺ ՕեԿ խմբակցության ներկայացուցիչները, բոլոր մարզպետերն ու վարչական շրջանների ներկայացուցիչները, Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նիստին չէին մասնակցում Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամները:
Հովիկ Աբրահամյանը, Գարեգին Երկրորդը եւ Գագիկ Հարությունյանն առաջիններից էին, որ եկել էին նիստին մասնակցելու, ու երկար ժամանակ առանձին զրուցում էին: Այնուհետեւ ժամանեց Տիգրան Սարգսյանը, որը շատ խառնված ու շփոթված մոտեցավ Աբրահամյանին, բարեւեց ու սկսեց զրուցել նրանց հետ: Որոշ ժամանակ հետո եկան նաեւ Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը, նրանք էլ ողջունեցին բոլորին, մի քանի րոպե զրուցեցին, որից հետո հայտարարվեց միջոցառման սկիզբը:
Հատուկ նիստը բացեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Նորընտիր ավագանու 65 անդամներից ներկա էին 59-ը, այդ թվում եւ` ԲՀԿ խմբակցությունն  իր ողջ կազմով: Նիստը բոյկոտել էին միայն «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամները: Տ. Մարգարյանը մոտեցավ ամբիոնին ու երդվեց ծառայել Երեւանի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Տ. Մարգարյանի երդումից հետո Երեւանի պատմության թանգարանից բերվեց խորհրդանշական լանջաշղթան, որը Տ. Մարգարյանին հանձնեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Արարողակարգից հետո Տ. Մարգարյանը պետք է հայտարարեր, որ խոսքը փոխանցում է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, սակայն նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում արտասանել «արքեպիսկոպոս» բառը, ու գրեթե անհնար է կրկին արտաբերել այդ բառն այնպես, ինչպես դա արեց Մարգարյանը:
Ինչեւէ, դժվարահունչ արքեպիսկոպոսը` Ն. Կճոյանը, նշեց, որ Տ. Մարգարյանի առաջին երդմնակալության ժամանակ Ս. Սարգսյանի հորդորը` «Տարո՛ն, հուսախաբ չանես», իրագործվել է. «Մշակն իր վարձքին արժանի է»:
Ս. Սարգսյանն էլ իր ելույթում Մարգարյանին հորդորեց տեր կանգնել երեւանցիներին: Նա հավելեց, թե նախորդ երկու տարիների ընթացքում Տ. Մարգարյանն իրեն դրսեւորել է որպես «համեստ, ազնիվ, մարդամոտ ու Երեւանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ». «Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության եւ տքնաջան աշխատանքի պահերը, եւ ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը եւ իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»:
ՀՀԿ առաջնորդի կարծիքով` չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար եւ աշխատանքով լուծվող խնդիրներ. «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տ. Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երեւանում այլեւս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երեւանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երեւանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երեւանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ ե՛ւ երեւանցիների, ե՛ւ իր հյուրերի համար»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս