ԹԱՄԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԹՈՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը կարողացավ նոր տանիք գտնել` հանձինս ԲՀԿ-ի, եւ հանգրվանել մի նոր տաքուկ անկյունում` դառնալով Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ինչպես նաեւ ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ընդ որում, դա տեղի ունեցավ ինքնաառաջադրմամբ:
Իհարկե, այդ պաշտոնի համար նա չի վարձատրվի, բայց խոսելու նոր հնարավորություններ կբացվեն, ինչին, համոզված ենք, կարոտած կլինի Թ. Պողոսյանը: Եվ դրանում երեւանցիները նույնպես համոզվեցին նրա ընտրվելուց անմիջապես հետո, երբ Թ. Պողոսյանը երկնեց իր նոր ձոներգը. «Ավարտվել է խոստումների շրջանը, եւ մենք մտնում ենք գործելու ժամանակաշրջան, ԲՀԿ-ի համար շատ կարեւոր է կառուցողական համագործակցությունը, առանց այս հիմնական սկզբունքի, վստահ եմ, որ ոչ մի արդյունքի մենք հասնել չենք կարող: Երեւանի խնդիրներն այնքան շատ են, որ առանձին վերցրած ոչ մի խմբակցություն, ոչ մի կուսակցություն ի զորու չի լինելու այդ խնդիրները հիմնովին լուծել: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պարոն քաղաքապետի ելույթի տողերի տակ կարող էր ստորագրել, որովհետեւ չկա մի կետ, որ վիճելի լիներ: ԲՀԿ-ն ունի քաղաքական բավարար կամք՝ իրականացնելու այն նախընտրական ծրագիրը, որը ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրություններին: Մենք առաջնորդվելու ենք այն սկզբունքներով, որոնք բերելու են խմբակցությունների միջեւ կառուցողական համագործակցության»:
Ահա այսպիսի բոցաշունչ ելույթ, որը, ինչպես հետո պարզվեց, դուր չի եկել ԲՀԿ առաջնորդին։ Այդ մասին ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Պարոն Ծառուկյանը տիկին Թամարա Պողոսյանի՝ Երեւանի ավագանու առաջին նիստի ժամանակ ունեցած ելույթի մի քանի շեշտադրումների հետ սկզբունքորեն համաձայն չէ, եւ այդ մասին նա տիկին Պողոսյանի հետ արդեն իսկ զրուցել է: Ընդհանրապես, ԲՀԿ-ն կողմ է ոչ թե պաթետիկ ելույթների, այլ ամենօրյա ծանր, արդյունավետ աշխատանքի սկզբունքին»:
Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ ԲՀԿ-ն ամբողջ կազմով մասնակցել էր Երեւանի  ավագանու առաջին նիստին, ինչից էլ, ամենայն հավանականությամբ, ոգեւորվել էր տիկին Պողոսյանը: Ի դեպ, քաղաքապետի երդմնակալության արարողությանը եւս ԲՀԿ-ն մասնակցում էր ամբողջ կազմով, իսկ «Բարեւ, Երեւան» դաշինքը բոյկոտեց այն:
Ինչ վերաբերում է Թամար Պողոսյանին, ապա վստահ ենք, որ նա իր մշակութային առաջարկներով եւ ելույթներով շուտով կցնցի ոչ միայն Երեւանը, այլեւ ամբողջ Հայաստանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս