Անհրաժեշտություն կա ստեղծելու «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն». Հրանուշ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովը: Այս մասին տեղեկացրեցին Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնո ւթյան հետ կապերի վարչությունից:

Երկօրյա խորհրդաժողովի առաջին նիստը գումարվել է փետրվարի 13-ին, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի ղեկավարներն ու անդամները, հոգևոր հայրեր, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Մինչ նիստի սկսվելը, խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Ժիպեյլի «Թռչնոց բույն»-ի Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիկեան» թանգարան: Բացման խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանը: Այնուհետև նիստը վարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Սարգիսյանը:

Նիստում ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ տեսաշարով ներկայացնելով աշխարհում և, մասնավորապես, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները, կազմակերպված միջոցառումները, արձանագրված արդյունքներն ու հետագա անելիքները:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է հանրապետության նախագահի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և աշխարհի 50 երկրում 61 տարածաշրջանային հանձնախմբերի ծավալած գործունեությունը:

«Զորաշարժի ենթարկվեցին հայության բոլոր հատվածները՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը. համայն հայությունը համախմբվեց Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման պայքարի շուրջ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակվել և տարածաշրջանային հանձնախմբերին է տրամադրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների 2011-2017թթ. ծրագիրը», երաշխավորվել է 100 միջոցառում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքյան կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ համայնքային միջոցառումներ, քաղաքական, քարոզչական աշխատանքներ, մշակութային ձեռնարկներ, եկեղեցական արարողություններ, կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ, համաժողովներ, հավաքներ, հիմնվել են թանգարաններ, հուշարձաններ, խաչքարեր, անվանակոչվել են հրապարակներ: Կազմակերպվել են համայնքային տարաբնույթ միջոցառումներ՝ ջահերով երթեր, ծառատունկ, մոմավառություն, ցուցահանդեսներ, փառատոներ, համերգներ, հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական երեկոներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ, մարզական միջոցառումներ և այլն:

Նախարարը նշել է նաև, որ բացառիկ նշանակություն են ձեռք բերել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի կողմից պատարագի մատուցումը, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողությունը, «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի՝ Երևանում և Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիքյան» թանգարանը՝ Լիբանանում: Բացառիկ խիզախ քայլ էր Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսության դիմումը Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Սփյուռքի նախարարը հատկապես առանձնացրել է աշխարհի 30 երկրում կազմակերպված և մեծ հնչեղություն ձեռք բերած գիտաժողովները, համաժողովները, կլոր-սեղանները, սեմինարները, դասախոսությունները, գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները, այլ երկրների պետական և հասարակական կառույցների կողմից իրականացված բազմաբնույթ ձեռնարկներն ու միջոցառումները:

Սփյուռքի նախարարը կարևորել է նաև ամբողջ աշխարհում հայկական և օտար լրատվամիջոցների կողմից իրականացված քարոզչական աշխատանքները, մասնավորապես՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումը: Տեսաշարով տեղեկատվություն է ներկայացրել տարբեր երկրներում Ցեղասպանության և Հայաստանին նվիրված հեռուստահաղորդումների, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, հրապարակումների, հակահայկական ապատեղեկատվական քարոզչության դեմ տարված աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդաժողովի մասնակիցներին շնորհավորել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 25-ամյակը և նշել, որ առաջիկայում Առաջին Հանրապետության 100-ամյակն է, և հայությունը նոր համախմբվածությամբ, նոր ձեռքբերումներով պետք է նշի այդ փառահեղ տոները:

Նախարարը, խոսելով առաջիկա անելիքների մասին, նշել է, որ կուտակված փորձի, ունեցած ռեսուրսների համախմբմամբ այսուհետ էլ նոր թափով և նոր ակտիվությամբ պետք է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները 100+1, 100+2 և այլ տարելիցներին նախապատրաստվելու և նշելու համար:

««Այլևս երբեք» շարժումը հզորացնելու, Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների միջազգային հարթակի առաջամարտիկը դարձնելու ՀՀ Նախագահի առաջարկը կարող է առարկայանալ, եթե ստեղծվի «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն», որը կզբաղվի և՛ իրավական, և՛ պատմական, և՛ միջազգային խնդիրների ուսումնասիրմամբ, համադրմամբ և գիտական հետազոտությունների հիման վրա կներկայացնի անհրաժեշտ առաջարկություններ՝ գլոբալ ֆորումների նախապատրաստման և անցկացման համար: Այս տարի կազմակերպվում է գլոբալ ֆորում՝ նվիրված փախստականների խնդիրներին: Տարածքներում ևս նույն թեմայով պետք է կազմակերպել քննարկումներ: Կարծում եմ՝ համախմբելով համահայկական ուժերը՝ հնարավոր է աշխարհի առաջատար համալսարաններում ավելացնել և խթանել մասնագետների` թուրքագետների, քրդագետների, օսմանագետների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, միջազգայնագետների, պատմաբանների պատրաստումը, և համայնքները պետք է խրախուսեն երիտասարդությանը և օգնեն նման կրթություն ստանալու համար:»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, համայնքներում հավաքվել, կուտակվել են փաստական, վավերագրական հսկայածավալ նյութեր, հուշագրություններ, որոնք անհրաժեշտ է մշակել, հրատարակել բազմահատոր ժողովածուի տեսքով, ինչպես նաև մատենաշարով հրատարակել օտարազգի պետական և քաղաքական գործիչների, ցեղասպանագետների, արվեստագետների հոդվածները, աշխատությունները և փորձել ստեղծել գրադարան-արխիվ 100 տարվա նյութերն ամբողջացնելու համար: Անհրաժեշտ է համայնքներում կուտակված նյութերը, ինչպես նաև կատարած աշխատանքները՝ ըստ ժամանակագրության հրապարակել:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է Համահայկական խորհրդի ստեղծմանը. «Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դարձավ Հայրենիք-Սփյուռք գործակցության համակարգման փայլուն ձևաչափ: Այսօր ակնհայտ է, որ վերազարթոնք ապրող հսկայածավալ հայկական ուժ է կուտակվել, և այդ ուժի ճիշտ նպատակաուղղման, ուղղորդման համար իսկապես կարևորագույն հարթակ կարող է լինել Համահայկական խորհուրդը, որի կշիռը, երաշխավորություններն ու որոշումներն առավել արժանահավատ կ թվան, կիրառելի կդառնան, եթե այն գործի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ և որի օրակարգային հարցերը դառնան համահայկական առաջնահերթությունները, որոնք հաստատվել են Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում»,-ավելացրել է նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հանձնախմբերի անդամներին այն նվիրումի և հսկայածավալ աշխատանքների համար, որ նրանք կատարել են բնակության երկրում՝ իրենց ժամանակի, հանգստի և ֆինանսների հաշվին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը ներկայացրել է Լիբանանում մինչ այժմ իրագործված ձեռնարկները:

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայ գաղութին՝ համերաշխ գործակցության համար և ամփոփ թվել դեսպանատան մասնակցությունն ու ներդրումը:

Ապա դոկտոր Նորա Պայրագտարյանը ներկայացրել է Արամ Ա Վեհափառ հայրապետի կողմից Սիսի կաթողիկոսարանի գործով Թուրքիայի դեմ հարուցած դատական հայցի և այդ ուղղությամբ իրականացված հաջորդական քայլերը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը ներկայացրել է դատական գործի առնչութեամբ կաթողիկոսարանի իրագործած քայլերը:

Հորդանանից Մարալ Ներսեսյանը, Սիրիայից՝ Շահան արք.Սարգսյանը, Կիպրոսից՝ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և Թեհրանից՝ Ռուբիկ Կարապետյանը հանդես են եկել իրենց համայնքներում իրականացրած աշխատանքների մասին զեկուցումներով: Այնուհետև Եղիկ Ճերեճյանի առաջարկով՝ ներկաները հատուկ հայտարարությամբ, հավաք-հանդիպման մասնակիցների անունից, ողջույնի խոսք են հղել և իրենց զորակցությունը հայտնել սիրիահայ հայրենակիցներին, ովքեր այսօր ապրում և աշխատում են ամենածանր պայմաններում:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները ներկա են գտնվել Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Տեառնընդառաջի ավանդական խարույկը վառելու արարողությանը: Փետրվարի 14-ին ներկաները մասնակցել են Սուրբ պատարագի արարողությանը և ծաղիկներ դրել Նահատակաց մատուռի առջև:

Երկրորդ օրվա առաջին նիստը վարել է Սարգիս Նաջարյանը, զեկուցումներով հանդես են եկել Սպահանից՝ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Թավրիզից՝ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը և ԱՄԷ-ից՝ Մեսրոպ Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց երկրներում իրականացված աշխատանքները: Լիբանանից ելույթ են ունեցել նաև ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Յակոբ Բագրատունին, ՀԲԸՄ-ից` Սիլվա Լիպարիտյանը, ՍԴՀԿ-ից` Հակոբ Կերկերյանը, ՌԱԿ-ից` Սևակ Հակոբյանը, վերապատվելի Րաֆֆի Մսըրլյանը, Հայ կաթողիկե համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանը և Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը:

Եզրափակիչ խոսքով ելույթ են ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանը և Շահան Գանտահարյանը: ՀՀ սփյուռքի նախարարը Սեդա Խտըշյանին է հանձնել հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Խորհրդաժողովի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարը և խորհրդդաժողովի մյուս մասնակիցներն այցելել են Վեհարան և հանդիպել Արամ Ա. վեհափառ հայրապետին: Վեհափառը բարձր է գնահատել նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Սեդա Խտըշյանի և ժողովականների գործունեությունը: Կաթողիկոսն ընդգծել է, որ Սիսի կաթողիկոսարանի հայցը «կտոր մը հողամասի հարց չէ, այլ` քաղաքական հարց»:

Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի և Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:




Լրահոս