2012թ. մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում “Խաչաղբյուր-2” փոքր հէկ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, շինարարական աշխատանքներ են կատարվել: Աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց փհէկ-ի շինարարությունը, իսկ դեկտեմբերին գետահովիտցիները դիմեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության փհէկ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու պահանջով: Այդ դիմումն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Բաժնի պետ Ա. Եգանյանը (այժմ նա՝ որպես ոստիկանապետ, պաշտոնավարում է Դիլիջանում) Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին հայտնել էր, որ այդ առնչությամբ նյութեր են նախապատրաստվել, իրենք սպասում են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագիտական եզրակացությանը, որից հետո կորոշվի՝ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցել, թե ոչ:
Այդ ընթացքում “Խաչաղբյուր-2” փհէկ-ի շինարարությունն իրականացնող “Մեգաէներջի” ՍՊԸ-ի ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, եւ փհէկ-ի շինարարությունը վերսկսվել է: Հունիսի 3-ին փհէկ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ժայռաբեկոր էր ընկել, ինչի հետեւանքով Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր: Վերջինիս մահվան հանգամանքների հետ կապված եւս փորձաքննություններ են նշանակվել:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ Գետահովտի բնությանը պատճառված վնասի, անօրինական շինարարության գործը դեռ քննվում է ոստիկանությունում, ուր սպասում են նշանակված փորձաքննությունների եզրակացություններին: 2013թ. հունվարի 26-ին Սերժ Սարգսյանն Իջեւան քաղաքում ունեցած ելույթում խոսեց նաեւ մարզի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտության մասին, ինչից Իջեւան քաղաքի եւ Գետահովիտ համայնքի բնակիչները ենթադրում են, որ չնայած բնությանը պատճառված վնասին՝ քրեական գործ չի հարուցվելու, եւ “Խաչաղբյուր-2”-ը կառուցվելու է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
“Ժողովուրդ” օրաթերթի 559 համար