Նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նրա աշխատասենյակում, տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին տարածվել: Հանդիպումից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ծառուկյանն իրեն ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ, իսկ Ծառուկյանի կողմնակիցներն էլ հրապարակեցին, թե Հովհաննիսյանը գումար է խնդրել ԲՀԿ առաջնորդից: Ի վերջո, ի՞նչ են զրուցել այդ օրը: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ Ր. Հովհաննիսյանի հետ այդ օրը հանդիպման գնացած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից: Նրա խոսքով՝ այն, ինչ խոսվել է, հրապարակային է եղել, բայց «գոտկատեղից ներքեւ հարվածն» այն էր, որ «մարդիկ առանց զգուշացնելու ձայնագրել են». «Մենք սովորություն չունենք ձայնագրել հանդիպումները, առավել եւս՝ առանց նախազգուշացնելու: Դրա համար այդ ձայնագրությունը չունենք»: Փաստորեն, Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա, ու ցանկացած հանդիպում ձայնագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հրապարակվում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ