Վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալը բավական թանկ է նստել կառավարության ղեկավարի վրա: Երեկ խորհրդարանում ե՛ւ 2012թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ե՛ւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Տիգրան Սարգսյանը ստիպված էր մի քանի անգամ պարզաբանում տալ «Օֆշորգեյթի» կապակցությամբ ու արդարանալ, թե ինքը որեւէ կապ չունի դրա հետ, իսկ օֆշորային գոտում իր անվամբ ընկերությունը գրանցել են առանց իր համաձայնությունը ստանալու, անգամ` առանց տեղյակ պահելու` այդպես իրեն վարկաբեկելու համար:
«Եթե ուզում եք մեկին վարկաբեկել, հիասքանչ ձեւ է եւ հնարավորություն՝ նրան մեղադրել օֆշորային սկանդալի մեջ,-բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց վարչապետն ու միանգամից մտավ Մատրոսովի կերպարի մեջ` հանուն ժողովրդավարության զոհասեղանին դնելով իր անձը.-Ես հանգիստ եմ վերաբերվում իմ անձին առնչվող, պարբերաբար ի հայտ եկող սկանդալներին, քանի որ դրանք Հայաստանի դեմոկրատական զարգացման ցուցիչ են: Ուրախ եմ, որ թիրախը ես եմ: Ապագայում էլ պետք է պատրաստ լինեմ նման մեղադրանքների եւ հակադարձման, եթե մենք գործ ունենք զրպարտանքի եւ քաղաքական սպեկուլյացիաների հետ: Դեմոկրատական հասարակությունը սա ենթադրում է, եւ դա անխուսափելի է»:
Սակայն ընդդիմադիր պատգամավորները ոչ միայն չհավատացին այդ արդարացումներին, այլեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցը կրկին այդ թեմայով էր: Զուրաբյանը նույնիսկ առաջարկեց. «Չե՞ք կարծում, որ Ձեր բարի անունը պաշտպանելու համար պետք է նախաձեռնեք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր այս սկանդալը, կմաքրեր Ձեր անարատ անունը»: «ԶԼՄ-ները այնքան հնարամիտ են, որ եթե մենք ընդունենք Ձեր կողմից հնչեցրած առաջարկը, Դուք պետք է այստեղ զբաղվեք ոչ թե օրինաստեղծ գործունեությամբ, այլ գիշեր-ցերեկ հետաքննությամբ, որովհետեւ ԶԼՄ-ներով այնպիսի պատմություններ կարող են հայտնվել, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնյաների անունների հետ, որ Դուք ժամանակ չեք ունենալու ուրիշ միջոցներով զբաղվելու»,-ասաց Տ.Սարգսյանը եւ վերստին պնդեց` ինքը կապ չունի օֆշորային գոտում ստեղծված այդ ընկերության հետ: Զուրաբյանն էլ հակադարձեց` վարչապետի պահվածքը նմանեցնելով հնդկական յոգայից հայտնի մի վարժության հետ. «Դուք կարող եք «մանթրայի» պես կրկնել, որ Դուք մեղավոր չեք, որեւէ առնչություն չունեք այդ գործի հետ, որ որեւէ օֆշորային ընկերության հետ կապված չեք: Բայց պրոբլեմն այն է, որ Ձեր խոսքին, ցավոք սրտի, շատերը չեն հավատում, ես կասեի՝ մեծամասնությունը Հայաստանի չի հավատում: Իմ առաջարկած ելքը դրան էր ուղղված: Մեր մասին մի՛ մտածեք, մենք պատրաստ ենք ձեռները քշտել, մտնել այս կեղտոտ գործերի մեջ եւ պարզել ճշմարտությունը»: Այստեղ արդեն չդիմացան վարչապետի նյարդերը, ու նա բորբոքված սկսեց հակադարձել. «Եթե Դուք չեք հավատում իմ խոսքին, ինչի՞ է Ձեզ հետաքրքրում իմ կարծիքը, շատ զարմանալի է: ԱԺ-ի դահլիճում մեծամասնությունն արդեն ձանձրացել են Ձեր նախադասություններից, միատոն մեղադրանքներից: Բոլորի համար հասկանալի է ձեր ենթատեքստերը, հասկացանք: Շարունակե՛ք Ձեր ոճը, եթե գտնում եք, որ այդ ոճը Ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ»:
ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
Գոնե ոչ կոալիցիոն պատգամավորները երեկ մինչեւ վերջ չհավատացին վարչապետ Տիգրան Սարգսյանի հերքումներին: Ու խնդիրը ոչ թե այդ մարդկանց թերահավատության մեջ էր, այլ կան բազմաթիվ հիմքեր մտածու այդ սկանդալային պատմությանը վարչապետի առնչության մասին: Հիշո՞ւմ եք ՀՀ պետական բյուջեի հաշվին գնված 124 մլն դրամ արժողության 2 բիոզուգարանները, որոնք առ այսօր չեն աշխատում: Այդ բիոզուգարանները ձեռք էր բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյան է: Հիշո՞ւմ եք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության վերաբերյալ ի հայտ եկած չարաշահումները, որոնց մասին հայտարարվեց ՎՊ վերջին նիստում: Այդ ծրագրի իրականացման կառավարման խորհրդի նախագահը եւս վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Հիշո՞ւմ եք «Զարգացման հայկական գործակալության» կողմից գյուղացիների համար կազմակերպված դասախոսությունները, որոնց վրա, ըստ փաստաթղթերի, ծախսվել էր մոտ 16 մլն դոլար (ասում են` իրականում այդ գումարների մեծ մասը գրպանվել էր): Եւ ահա «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նախագահը կրկին Տիգրան Սարգսյանն է: Այլ կերպ ասած, բոլոր այս ընկերություններում, որոնց խորհրդի կամ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Տիգրան Սարգսյանը, հայտնաբերվել են պետական միջոցների չարաշահումներ, բյուջեի միջոցների վատնումներ եւ այլն, եւ այլն: Եվ այսքանից հետո Տիգրան Սարգսյանը դեռ ուզում է, որ մարդիկ հավատան իր ազնվությանը: Ընդ որում, թվարկված չարաշահումները բացահայտված են պաշտոնապես:
Հ.Գ. Իմիջիայլոց, վերջին 5 տարիներին շեշտակի աճել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եկամուտները: 2008թ. նրա հաշվին եղել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ 2012թ. նրա բանկային հաշվին եղել է 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար:
ՕՖՇՈՐԸ ՔԹԻՑ ԲԵՐԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ