ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԽՈՍՏՈ՞ՒՄ Է ՏՎԵL

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ցուցմունք տվեց տուժողը` Պ. Հայրիկյանը: Մատնացույց անելով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին՝ հայտարարեց, որ նա է կրակել իր վրա: Հակառակը պնդեց մեղադրյալ Պողոսյանը` նշելով, որ եթե սպանելու մտադրություն ունենար, մի քանի անգամ կկրակեր: «Դուք, հնարավոր է, սպանել չեք ցանկացել, բայց արել եք մի բան, որն անում են միայն սպանել ցանկացողները»,-ասաց Հայրիկյանը: Այս առիթով  «Ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի կնոջից` Նոնա Հակոբյանից:
-Ինձ համար զարմանալի է այն, որ Պ. Հայրիկյանին, երբ նոր էին կրակել, կրակողին միանգամայն այլ մարդ էր նկարագրել: Դե պարզ չէ՞, որ իրեն ներկայացրել են՝ սա է, սա է, ինքն էլ պետք է ասի` էս է:
-Այսինքն՝ Պ. Հայրիկյանին ուղղորդո՞ւմ են, որ նա Ձեր ամուսնու դեմ խոսի:
-Ոչ թե ես եմ այդպես մտածում, այլ Պ. Հայրիկյանի ասածից այդպես հասկացա, միգուցե ես եմ սխալվել:
-Սամվել Հարությունյանն էլ օրերս ասաց, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, ու դա իրենք արել են նրանից գումար շորթելու համար: Ի՞նչ է կատարվում:
-Չգիտեմ՝ ինչ մտածեմ, շատ անորոշ վիճակում եմ, ե՛ւ Սամվելի, ե՛ւ Հայրիկյանի այս հայտարարությունից ոչինչ չեմ հասկանում:
-Միգուցե վախեցրել են կամ խոստումնե՞ր են տվել, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել:
-Շատ հնարավոր է: Կարծում եմ՝ այդպես է եղել: Կամ խոստումներ են տվել, ասել են՝ դուք ձեր վրա՛ վերցրեք, մենք մի բան կանենք:
-Ո՞վ է այդ խոստումը տվել:
-Վարդան Սեդրակյանը, էլ ո՞վ: Ինձ այդպես է թվում:
-Դուք փորձե՞լ եք այս հարցերի պատասխանը Ձեր ամուսնուց ստանալ:
-Մեզ չեն թողնում հանդիպման ժամանակ գործից խոսել:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Հայրիկյանը կարծիք էր հայտնել, որ իր դեմ մահափորձ կատարողը հայ չէ, այլ «ռուսական իմպերիալիզմի» ներկայացուցիչ, իսկ կրակողը՝ սլավոնական արտաքինով երիտասարդ: Ինչպե՞ս ստացվեց, որ կրակողն «ուրիշ մարդ դուրս եկավ»: Փորձեցինք սա պարզաբանել Հայրիկյանից, որն ասաց. «Այդ թեմայով չենք խոսում, վերջ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս