ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Հունիսի 11-ին դերասան-ռեժիսոր Աբել Աբելյանի ու դերասանուհի Օլյա Հակոբյանի ընտանիքում համալրում է եղել: Ծնվել է նրանց առաջնեկը, ում ծնողներն անվանել են Էրիկ: Բալիկի ծնվելուց անմիջապես հետո Աբելը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Բարով եկար, Էրիկ Աբելյան», ինչին հետեւել են շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աբելը խոստովանեց, որ զգացողություններն անբացատրելի են. «Երբ գրկեցի որդուս, անբացատրելի բան կատարվեց հետս, աշխարհը կանգ առավ, ու հասկացա, որ կյանքիս ամենաերջանիկ ու սպասված օրն է»: Դերասանի խոսքով՝ դեռ շուտ է խոսել այն մասին, թե ում է նման որդին, ինքը` նորաթուխ հայրիկը, փոքրիկին ոչ ոքի չի նմանացրել:
ԿՆՎԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Կիեւի բնակչուհի Վալենտինա Բոնդարենկոն մտադիր է իր երկուսենյականոց բնակարանը նվիրել իր սիրելի դերասանին՝ Օլեգ Մենշիկովին: Տիկին Վալենտինան նշել է, որ ցանկանում էր տունն Օլեգին նվիրել դեռ տարիներ առաջ, սակայն այդ ժամանակ նրա երեխաները դեմ են եղել: «Այժմ նրանք մեծացել են, իրենց ընտանիքներն ունեն ու ապրում են առանձին: Ինձ ավելորդ բնակտարածք պետք չէ, իսկ նրան պետք է: Հետո էլ, ես ավելի քան 10 տարի բաց չեմ թողնում Կիեւում Մենշիկովի ոչ մի ներկայացում՝ ամբողջ տարին թոշակից մի քիչ գումար մի կողմ դնելով տոմսի գնման համար»,-անկեղծացել է 66-ամյա թոշակառուն: Ուկրաինուհին այժմ փաստաթղթերն է ձեւակերպում, որպեսզի մինչ դերասանի այցը Կիեւ նրան հանձնի իր տան բանալիները: Այս առնչությամբ դերասանի օգնական Ալեքսեյը դեռ մեկնաբանություն չի տվել: