ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՄԵՆԱՄԱՐՏ
Օգոստոսի 24-ին սուպերմիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ կվերադառնա: Մենամարտը նախանշված է Գերմանիայում: Հայտնի է նաեւ Աբրահամի հակառակորդի անունը. նա կմենամարտի 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ, որն աֆրիկյան Նամիբիա պետությունից է: Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
«Ժողովուրդ»-ն Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է մեր հայրենակիցը, ինչով է զբաղվում եւ ինչպես է տրամադրված առաջիկա մենամարտին: «Ինչպես միշտ, մարզվում եմ: Աշխատանքը, անկասկած, իր արդյունքը տալիս է: Մարզիչս` Ուլի Վեգները, ոգեշնչում է ինձ հաղթանակի: Պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարեւոր է, իմ մարտարվեստի երկրպագուներն ինձանից հաղթանակ են ակնկալում: Նպատակս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելն է»,-փոխանցել է Արթուր Աբրահամը:
 
ԿՐԿԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Հետաքրքիր է` երգիչ Արա Մարտիրոսյանը, որն արդեն երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, արդյոք տեղյակ է, որ իր «Բալա, բալա» երգը կատարում է ռումինացի մի երգիչ: YouTube-ի տվյալներով՝ ռումինացու երգը տեղադրվել է 2012 թվականին, իսկ Արա Մարտիրոսյանի երգը` դեռ 2010թ.: Եթե հավատանք YouTube-ին, անգամ կասկած չկա, որ «Բալա, բալա» երգի երաժշտությունն ու նույնիսկ տեսահոլովակի սյուժեն գողացվել են Արա Մարտիրոսյանից: Գոնե մի քիչ համեստ գտնվեին ու ինչ-որ բաներ փոփոխեին, այսչափ անխիղճ գողություն կարելի՞ է անել:

ԱՂՋԻԿ Է ՈՒՆԵՑԵԼ
Հունիսի 12-ին ծնվել է հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի առաջնեկը: Հերմինեն աղջիկ է ունեցել: Ծնողները երեխային Մարիա են անվանել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաղորդավարուհին ասաց, որ սկզբում որոշել էին իրենց դստերը Սոֆի կոչել, բայց երբ ընկերուհին առաջարկել է Մարիա անունը, ինքը եւ ամուսինը հավանություն են տվել: Հերմինեն նաեւ նկատել է, որ Մարիա անունը մոտ է սկեսուրի անվանը` Մարինային:




Լրահոս