ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՀԻՇԵՑ
Երեւանի ավագանու անդամ, Տուրբո մականունով հայտնի Աշոտ Պապայանը «Հենարան»-ի միջոցով հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի  մասնագիտական աշխատանքը: Ցավում ենք կատարվածի համար եւ հայցում ներողամտություն: Աշոտ Պապայան»: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ՀՀԿ նախընտրական հանդիպումից առաջ, հանդիպման կազմակերպիչները բռնի կերպով խոչընդոտել են «Իլուր»-ի լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական գործունեությունը:

ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿԱՆԱՆՑ ՉԻ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ` երեկ՝ կառավարության նիստից հետո, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը շենքը լքելուց առաջ, մուտքի մոտ պատասխանելով ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ մի քանի հարցերի, զարմանքով դիմել է մի քանի լրագրողների` հետաքրքրվելով. «Էլ հարցեր չկա՞ն, էն որ ես կնոջը վիրավորել եմ»: Նա նկատի է ունեցել «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակումը, ըստ որի՝ Գ. Բեգլարյանն իրեն դիմած մի կնոջ վիրավորել է՝ ասելով. «Շան պես հաչում ես»: Այս առնչությամբ պարոն Բեգլարյանն ասել է, որ ինքը երբեք որեւէ կնոջ, նույնիսկ մանկապարտեզում որեւէ աղջնակի չի վիրավորել. «Ես ուզում եմ բոլորիդ ասել՝ ես իմ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար: Եթե վաղը հայտնաբերվեն մարդիկ, որ ասեն՝ ես մանկապարտեզում վիրավորել եմ աղջնակի 47 տարի առաջ, չհավատաք, որովհետեւ ծնվածս օրվանից ես կանանց չեմ վիրավորում»: Հարցին՝ իսկ եթե կանայք Ձեզ նյարդայնացնում են, ինչ եք անում, պատասխանել է. «Կանայք ինձ չեն նյարդայնացնում: Իմ ամբողջ կյանքում չի գտնվի մի կին, որ կասի՝ ես իրեն վիրավորել եմ»:

ՄԱՍՆԱՎՈՐ ԱՅՑՈՎ
Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Լեռնային Ղարաբաղ նրա կատարած այցի մասին նախօրեին «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունները: Ռ. Քոչարյանը մասնավոր այցով է գնացել ԼՂ: «Ինչպես միշտ նա մեկնում է Ղարաբաղ»,-NEWS.am-ին ասել է Սողոմոնյանը:  

ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա` մասնակցելու   Վիեննայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է Եվրամիության տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությանն առնչվող հարցերին:

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԴԵՍՊԱՆ
ՀԱԿ-ից ժամանակին հեռացած ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, «Առավոտ»-ի տեղեկություններով, նշանակվելու է Ղազախստանում ՀՀ դեսպան: Ըստ որոշ տեղեկությունների՝ պարոն Սահակյանն այդ հարցով արդեն եղել է ՀՀ նախագահի նստավայրում: Ստացել է դեսպան լինելու առաջարկ, թե ոչ՝ թերթին չի հաջողվել Սահակյանից ճշտել: Ներկայումս Ղազախստանում մեր դեսպանը Վասիլի Ղազարյանն է:

ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՐԴԵՆ «ՍՎՈՅ» Է
ՀՀ կառավարությունը երեկ որոշել է թույլ տալ պաշտպանության նախարարությանը` 450 տոննա փաթեթավորված ցեմենտի գնման պայմանագիր կնքել «Արարատ ցեմենտ»-ի հետ: Ըստ ՊՆ ներկայացրած տեղեկանքի` Մ-400 մակնիշի ցեմենտը «Միկա ցեմենտ»-ի կողմից առաջարկվել է 53 հազ. դրամով, իսկ «Արարատ ցեմենտ»-ի կողմից` 52 հազ. դրամով: Նախապատվությունը տրվել է ցածր գնային առաջարկ ներկայացնողին: Հիշեցնենք, որ «Միկա ցեմենտ»-ը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին, իսկ «Արարատ ցեմենտ»-ը` Գագիկ Ծառուկյանին:




Լրահոս