ԴԵՌ ՉԾՐԱԳՐԱԾ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամառային հանգստի թեման շարունակում է արդիական մնալ. այս անգամ մեր զրուցակիցներն են երգչուհի ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆՆ ու հումորիստ, հաղորդավար ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Այս պահի դրությամբ նրանցից եւ ոչ մեկը չի ծրագրել իր ամառային հանգիստը: Իսկ թե ինչու, մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում: 
Հարցին, թե ինչպես է նախատեսել անցկացնել ամառային հանգիստը, արդյոք որեւէ տեղ մեկնելու է, ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԸ պատասխանեց, թե ինքը դեռ ոչինչ չի ծրագրել, քանի որ բավական զբաղված է տարբեր նախագծերով: Երգչուհու կարծիքով՝ զբաղված լինելն արվեստագետի համար մեկ-մեկ հենց հանգիստն է. “Ես սիրում եմ զբաղված լինել, բայց, իհարկե, ոչ այն աստիճանի, որը տանում է դեպի հյուծվածություն: Իհարկե, պետք է գտնել ժամանակ նաեւ իրական հանգստի համար, պետք է կուտակել նոր ուժեր եւ լիցքավորվել ապագա բարի եւ լավ նախագծերի համար”: 
Զրույցի ընթացքում երգչուհին նշեց, որ շատ սիրում է հանգստանալ նաեւ պարզապես իր տանը, իր քաղաքում, եւ որ անպայման չէ ինչ-որ մի տեղ մեկնել` հատուկ հանգստի. “Նախընտրում եմ Հայաստանի տեսարժան վայրերում լինել, բացահայտել այն վայրերը, որոնք դեռ չեմ տեսել: Ինձ համար հայոց աշխարհից այն կողմ ոչ մի ուրիշ ավելի տեսարժան եւ ցանկալի տեղ չկա: Նաեւ ծովը այդքան չի գրավում, որքան կարող են գրավել վայրի լեռները եւ ձորերը”: 
Ինչ վերաբերում է նախընտրած հանգստի տեսակին, երգչուհին խոստովանեց, որ սիրում է այցելել տարբեր թանգարաններ, վանքեր, բնության գողտրիկ անկյուններ: Իսկ ճամփորդական պայուսակը կամ ճամպրուկը հավաքելիս էլ առաջինը, ինչ տեղ է գտնում անհրաժեշտ իրերի մեջ, աղոթագիրքն է.”Առանց այդ գրքի երբեք չեմ ճամփորդում: Այնտեղ կյանքի բոլոր առիթների համար կան աղոթքներ: Հետո նոր տեղավորվում են նոտաները եւ մնացած անհրաժեշտ պարագաները”:
Պարզեցինք նաեւ, թե որտեղ կցանկանար լինել, որ դեռ չի եղել. “Արեւմտյան Հայաստանում, բայց նաեւ Ջավախքում: Ամեն տեղ, որը կապված է իմ հրաշք հայրենիքի հետ: Ես բավական երկրներ եմ այցելել իմ արվեստի շնորհիվ, բայց մեկ բան հստակ պարզ է ինձ համար. ուրիշ երկրի խնդիրներով ես ապրել չեմ կարող, եւ ուրիշ երկրի գեղեցկությունն ինձ համար զուտ նոր տպավորություն է, որը չի կարող փոխարինել այն զգացողությանը, երբ ես մի նոր հրաշք վանք եմ հայտնաբերում իմ հայրենիքում կամ մի նոր հրաշք վայր եմ այցելում Հայքում, որտեղ երբեք չէի եղել”: 
Մեր խնդրանքով երգչուհին մտաբերեց նաեւ իր ունեցած ամենաուրախ արձակուրդները. “Ուրախ էի ամեն անգամ, երբ անցկացնում էի օգոստոս ամիսը Հայրիվանք գյուղում: Այցելում էի մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տուն: Ինձ հյուրընկալողն իր տիկինն էր՝ երաժշտագետ, պրոֆեսոր Իրինա Տիգրանովան: Մեծ հուզմունքով ու նաեւ ուրախությամբ եմ հիշում՝ ինչպես կազմակերպեցինք այդ տան մեջ ամառային ակադեմիա, ուր գյուղի երեխաներն ամեն օր հավաքվում էին` Կոմիտասի երգերն ուսանելու: Ա՛յ դա իմ ամենահիշարժան ամառներից մեկն էր”:
Իսկ հումորիստ ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ նշեց, որ ինքը դեռ աշխատում է ու հանգստի մասին մտածելու ժամանակ չունի, բայց նաեւ նկատեց, որ եթե նույնիսկ ինքը չկարողանա ժամանակ գտնել հանգստի համար, ապա ընտանիքի անդամներն անպայման կգնան:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում Արմենն անկեղծացավ ու նկատեց. “Վերջին 10 տարվա մեջ ես չունեմ հանգիստ: Իմ էությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ կարողանում երկու օրից ավել հանգստանալ: Երկու օր ոչինչ չանելուց հետո ես ուղղակի ձանձրանում եմ: Ժամանակ էլ չունեմ արձակուրդի մեկնելու պլաններ կազմելու համար: Դրա համար այս հարցում մի քիչ պասիվ եմե: Հաղորդավարը հույս հայտնեց, որ գուցե այս տարի ամեն կերպ փորձի ընտանիքի հետ մի տեղ մեկնել: Հարցին, թե որտեղ է հանգստանում իր ընտանիքը, Արմենը նշեց, որ Հայաստանում, բայց թե այս տարի ուր կգնան, ավելի պարզ կլինի օգոստոսին: “Հանգիստն անհրաժեշտություն է, բայց ես չեմ կարողանում հանգստանալ, պարապությունից ավելի նյարդայնանում եմ: Մերոնք իմ ձեռքը քաշված են, դե ի՞նչ ասեմ, իմ բախտն էլ տենց դասավորվեց”,-կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց հումորիստը:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 566 համար




Լրահոս