ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բոլորովին վերջերս Մայր թատրոնի դերասան ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ, որն օգոստոսին կդառնա 50 տարեկան, արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: “Ժողովուրդ”-ը նախ հետաքրքրվեց, թե կոչում շնորհելու հարցում արդյոք չեն ուշացել: 
-Միանշանակ ուշացած էր: Կոչում ստանալուց առաջ վատը չէի ու ստանալուց հետո լավը չդարձա: Հնից եկած լավ արտահայտություն կա. “Ժողովրդական դերասան էլ դարձար, բայց դերասան չդարձար”: Շատերը կարծում էին, որ մեդալ կամ գոնե ժողովրդականի կոչում եմ ստանում: Իսկ ընդհանրապես կոչումը պետք է շնորհվի արժանավոր մարդուն, որպեսզի իր արժեքը չկորցնի, շնորհվելուց հետո էլ պիտի քեզ կոչմանն արժանի պահես:
-Իսկ գործընկերներն ինչպե՞ս ընդունեցին:
-Զարմանքով պիտի ասեմ, որ ամբողջ թատրոնը մեծ ուրախությամբ ընդունեց այդ որոշումը:
-Այս զրույցից մեկ ժամ անց Պերճ Զեյթունցյանի ,100 տարի անցե-ում մարմնավորելու եք Գրիգոր Զոհրապի կերպարը: Ներկայացումից առաջ ի՞նչ ապրումներ եք ունենում: 
-Թբիլիսիում սովորելու ժամանակ ինձ բավական լավ ,ծրագրավորելե է իմ ուսուցիչ Եվգենի Բասիլաշվիլին, իսկ Օլեգ Բասիլաշվիլու մոտ 2 տարի ,ստաժիրովկաե եմ անցել Լենինգրադի թատրոնում: Ամեն անգամ բեմ դուրս գալիս ոչ թե վախով եմ պատվում, այլ պատասխանատվության մեծ զգացումով, եւ մուտքից 5-10 րոպե առաջ առանձնանում եմ, գալիս այն մարդու վիճակին, ում այդ օրը պիտի ներկայացնեմ: Չեմ կարող ավտոբուսից իջնել, գալ, փոխվել, մտնել բեմ: Ի դեպ, կուզեի, որ մի փոքր ավելի բացվեր Գրիգոր Զոհրապի կերպարը, որը քիչ գործ չի արել Թուրքիայի հզորացման հարցում: Իհարկե, նա փորձել է անել բաներ, որ հայ ժողովրդի համար հետագայում լավ լինի, բայց տանուլ է տվել. կռահել են քայլերը: Դա ցավալի փաստ էր, ու ես նաեւ մեղայականով եմ հանդես գալիս հանդիսատեսի առաջ.”Ներե՛ք, որ չկարողացա կռահել, չունեցա ավելի մեծ խորամանկություն, քան թուրքերը”:
-Ի՞նչն էր Թբիլիսիի թատրոնից տեղափոխվելու պատճառը: Ինչպե՞ս ընդունվեցիք նոր թատրոնում:
-1993-94թթ. Թբիլիսիի հայկական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ իմ շատ սիրելի Սունդուկյան թատրոնում, եւ հենց այդ ընթացքում հրավեր ստացա անմիջապես երկու գիգանտ դերասաններից` Մհեր Մկրտչյանից եւ Խորեն Աբրահամյանից: Ցավոք, ավարտվել է մեծ դերասանների ժամանակը Խորիկով, Ֆրունզիկով (Աստված երկար կյանք տա Սոս Սարգսյանին), ու հիմա պարզապես կա՛մ դերասան են, կա՛մ դերասան չեն: Ճիշտն ասած, սառն ընդունեցին, երեւի բացառություն էր միայն երջանկահիշատակ Արմեն Խոստիկյանը… Ես հյուրախաղերին 4 գլխավոր դերով էի ներկայացել, Թբիլիսիում ճանաչվել էի թատրոնի, քաղաքի եւ հանրապետության լավագույն դերասան, բայց ,Կտակե-ում խաղում էի “մասսա”… Սակայն մտել էի Սունդուկյան թատրոն` պատրաստ նույնիսկ զրոյից սկսելու: “Կալիգուլա”-ում փոքր դերով անմիջապես նկատելի դարձա, իսկ արդեն Լեւոն Շանթի “Հին աստվածներ”-ում իշխանի դերը բավական հետաքրքիր, լուրջ դեր էր, որին իմ մոտեցումը մի փոքր այլ էր, ու կերպարը գունեղ դարձավ… Եվ իմ գործընկերները կամաց-կամաց հասկացան, որ Ալբերտը պիտի ունենա իր տեղն այս թատրոնում: Շատ ուրախ եմ, որ երբեք թիֆլիսեցին այս թատրոնից չի բացակայել. հիմնադրումն ու բացումն արվել է այնտեղի թատրոնի դերասաններով, հետագայում էլ դերասաններ միշտ եղել են, հիմա էլ ես եմ:
-Ո՞ր ռեժիսորի հետ եք հեշտ աշխատում:
-Բոլորի հետ էլ հեշտ եմ աշխատում: Իրենք ասում են` բեմադրում ենք սա, ուզում ենք սա, ես իրենց ուզածի մեջ աշխատում եմ անել այն, ինչ իրենց սրտով է` անցկացնելով իմ պրիզմայով: Տիգրան Գասպարյանի բեմադրած “Ջոն արքա”-ն, մասնավորապես Ձեր խոնարհ ծառայի մասնակցությամբ տեսարանը Անգլիայում բավական լուրջ, հետաքրքիր գնահատական ստացավ. գրել էին, որ լոնդոնյան փառատոնը երջանիկ կլինի էլի մեկ անգամ տեսնելու այդ տեսարանը: Հիմա ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ աշխատում ենք “Ռիչարդ Երրորդ” պիեսի վրա, որտեղ հետաքրքիր` Բուքինգհեմի դուքսի կերպարով եմ հանդես գալու: Դա կարող է, ասենք, չորրորդ դերը լինել, բայց ես նրան արդեն երկրորդն եմ պատկերացնում… Ընդհանրապես, կարելի է աշխատել ճիշտ, բայց վատ, աշխատել սխալ, բայց լավ: Պետք է աշխատես ճիշտ ու լավ:
Խաղացել եւ խաղում եք սերիալներում (“Որոգայթ”,”Դիմակահանդես”, “Դժվար ապրուստ”, “Հարազատ թշնամի”): Եթե Ձեզ բեմի վրա հանդիսատեսը ճանաչում է որպես սերիալի դերասան, ինչպե՞ս եք ընդունում:
-Այդպես եղել է. բեմ էի դուրս գալիս, ասում էին` վա~յ, Ֆրեդը, Ֆրեդը: Կարելի է ամեն օր երեւալ հեռուստատեսությամբ ու չսիրվել, չհիշվել: Ես այսօր երեւի ամենաբացասական կերպարներից մեկի` Ապեր Կարպիչի դերով եմ հանդես գալիս, որը պատրաստ է ցանկացած քայլի: Ընդհանրապես իմ կերպարները թե՛ կինոյում, թե՛ թատրոնում հիշվում են. յուրաքանչյուրին յուրովի եմ մոտենում:
-Ինչպե՞ս կգնահատեք թատրոնի ստուդիայի գործունեությունը:
-Եթե ստուդիայի քսան սաներից տասը հետագայում պրոֆեսիոնալ հանդիսատես, հինգը` հետաքրքիր, մեկը` շատ շնորհքով դերասան դառնա, մյուսներն էլ ընդհանրապես թատրոն մուտք չգործեն, էլի ստուդիան իր առաքելությունը կատարած կլինի:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս