Հայաստանում Գերմանիայի դեսպանության եւ “Առաքելություն Հայաստան” ՀԿ-ի միջեւ 20.000 եվրո գումարի չափով առաջին համատեղ նախագծից հետո Գերմանիայի կառավարությունը եւս 30.000 եվրո գումար է հատկացրել սիրիացի փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրերին:
Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ, օգնում է սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ: Բացի այդ` “Առաքելություն Հայաստան” կազմակերպության աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները եւ ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Նրանց վիճակը շարունակում է մնալ դժվարին, ոմանք զուրկ են անգամ տարրական կենսական պայմաններից եւ շարունակական աջակցության եւ համերաշխության խիստ կարիք կա: