ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցելու նպատակով կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Երեկ Եվրոպայի խորհրդում՝ ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում, Հայաստանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Էդ. Նալբանդյանն իր ելույթում, խոսելով ղարաբաղյան բանակցությունների մասին, ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են գրեթե 15 անգամ: Տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել արտգործնախարարների մակարդակով: Եռանախագահ պետությունները ներկայացնող դիվանագետները մոտ 50 անգամ ժամանել են տարածաշրջան: «Ի դեպ, իմ հաջորդ հանդիպումը համանախագահների հետ կկայանա երկու օրից: Կան համանախագահների կողմից ներկայացված հստակ առաջարկներ, սակայն Ադրբեջանը մերժում է ներկայացվող բոլոր առաջարկները»,-ասել է Նալբանդյանը: Հիշեցնենք, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել էին մայիսի 17-ին Կրակովում:
ՀԱՐՑ. Ի՞նչ կարելի է ակնկալել երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպումից: Ի՞նչ եք կարծում, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավո՞ր է դրական տեղաշարժեր արձանագրել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտաքին քաղաքականության բնագավառում մենք գտնվում ենք ճիշտ այն վիճակում, ինչ մեր տնտեսությունը` քանդված ու ոչնչացված: Մենք չունենք արտաքին քաղաքականության ռազմավարական, անգամ տակտիկական խնդիրներ դրսում լուծելու ընդունակություն: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում եվրոպացիները փոխել են իրենց շեշտադրումը: Արդեն որերորդ անգամ նրանք մեր երկրին ագրեսոր են համարում: Իսկ մենք, բացի մեծ-մեծ դուրս տալուց, ոչնչի ընդունակ չենք: Մենք չկարողացանք պարզ ճշմարտությունը ներկայացնել աշխարհին: Իսկ ինչո՞ւ չարեցինք, որովհետեւ մեր իշխանությունների ուշքումիտքն ընտրություններ կեղծելն է: Ու այս բացի վրա Ադրբեջանն օր օրի թափ հավաքեց, հասավ նրան, որ նույնիսկ եվրոպացիները մեզ ագրեսոր անվանեցին: Ելքն` անհապաղ լուծել արտաքին գործերի նախարարի հեռացման հարցը: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա ժամանակին բանակցություններում Ղարաբաղը երրորդ կողմ էր համարվում, հիմա ներգրավելն անհնարին եմ համարում:
գրող, հրապարակախոս
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա պետք է համարել հերթական հանդիպում, որը որքան էլ շատ բան չի խոստանում, սակայն շփումների տեսանկյունից այն պետք է դրական համարել: Հակառակ դեպքում, մեկուսացման պարագայում արդյունքները կարող են շոշափելի չլինել: ԼՂ եղել է եւ պետք է լինի բանակցային կողմ, եւ միայն այս դեպքում կարելի է ակնկալել արդյունավետ բանակցություններ:
ԵՊՏՀ-ի դասախոս
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ