ՏՆՕՐԵՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում մի անանուն նամակ հայտնվեց, որում Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ ահազանգում են, թե դպրոցի տնօրենը չարաշահում է իր պաշտոնական դիրքը: Բացի այդ, տնօրենը ուսուցիչներին ստիպում է ստորագրել մի գրության տակ, որը վարկաբեկում է ուսուցչական կազմի անդամներից մեկին` Լիգիա Մելքումյանին: Դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանը հավաստիացնում է, որ անանուն նամակի հեղինակները ուսուցիչներ Լիգիա Մելքումյանն ու  Նելլի Ղոնաղչյանն են: Սակայն երկու ուսուցչուհիներն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրին, որ իրենք ոչ մի կապ չունեն համացանցում հայտնված նամակի հետ: Նշենք, որ վերջին չորս ամիսների ընթացքում տնօրեն Լ. Կիրակոսյանը ԿԳ նախարարի հրամանով երկու անգամ նկատողություն է ստացել:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ այս դպրոցի տնօրենի անվան շուրջ դարձյալ աղմուկ էր բարձրացել: Այն ժամանակ Լիլի Կիրակոսյանի եւ ուսուցիչներից Լիգիա Մելքումյանի միջեւ լարվածություն էր ստեղծվել, ինչի պատճառով կազմակերպվել էր ստորագրահավաք` դպրոցի տնօրեն Կիրակոսյանին հեռացնելու պահանջով: Սակայն այդ ստորագրահավաքը տնօրենի կողմից կանխվել էր:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնված նամակում նշվում է, որ դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանն ուսուցիչներին առանձին-առանձին կանչում է իր առանձնասենյակ եւ ստիպում ստորագրել մի գրության տակ, որը վարկաբեկում է կոլեկտիվի անդամներից մեկին` Լիգիա Մելքումյանին: «Լիգիա Մելքումյանը դարձավ այն անդերսենյան մանուկը, որը հանդգնեց ասել. «Թագավորը մերկ է»: Տնօրենն ահաբեկում է, սպառնում ուսուցիչներին` հեռացնել աշխատանքից, դասաժամեր, դասղեկություն չտալ, եթե չստորագրեն: Յուրաքանչյուր բողոք-ահազանգից հետո ավելի է սրվում մթնոլորտը»,-նշված է անանուն նամակում:
Այնտեղ գրված է նաեւ, որ երկու տարում Լ. Կիրակոսյանն իր անխոհեմ քայլերով քայքայել է մի առողջ կոլեկտիվ, դպրոցը բաժանել է «ցանկալիների» եւ «ոչ ցանկալիների» բանակի, ստեղծել անվստահության մթնոլորտ:
««Անցանկալիները» հեռացվում են կամ հեռանում են աշխատանքից: Առաջնորդվում է միայն քինախնդրությամբ, հաճախ է գտնվում անհավասարակշիռ վիճակում, անգամ հարցերը լուծում է ուժի գործադրմամբ. ծեծի է ենթարկել տեխնիկական աշխատողին, փորձել է ապտակել ֆիզկուլտուրայի տղամարդ ուսուցչին` Կարեն Հովհաննիսյանին: Նույն Կարեն Հովհաննիսյանն այսօր դասավանդում է «ԱՅԲ» կրթահամալիրում»,-գրված է նամակում:
Անանուն նամակի հեղինակները նաեւ պնդում են, որ դպրոցի տնօրենը երկու տարի է՝ գրպանում է աշակերտներին փոխադրող տրանսպորտային միջոցին հատկացվող գումարը, մինչդեռ քաղաքի հեռավոր թաղամասերից աշակերտները մի կերպ են հասնում դպրոց` հարուցելով ծնողների ու հենց իրենց վրդովմունքը. «Տնօրենը շահարկում է իր ՀՀԿ անդամ լինելը, սպառնում է, որ ինչ ցանկանա, կարող է անել` դրանով վտանգելով ՀՀԿ-ի հեղինակությունը կոլեկտիվում… Նա չարաշահում է իր պաշտոնական դիրքը. չենք ցանկանում արժանանալ մեզանից առաջ աշխատանքից ազատված մեր ընկերների բախտին: Նաեւ դա է եղել պատճառը, որ ստորագրել ենք տնօրենի կազմած երկրորդ գրության տակ, սակայն գիտակցում ենք, որ անբարոյական քայլ ենք կատարել` վարկաբեկելով ազնիվ ու անաչառ մարդու: Կոլեկտիվի մեծամասնության կարծիքով՝ Կիրակոսյանը պետք է հեռանա դպրոցից: Ուզում ենք նաեւ ավելացնել, որ ծնողներն ու աշակերտները մտադրված են բոյկոտել սեպտեմբերի մեկը»:
Լիգիա Մելքումյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է գրավոր դիմել դպրոցի տնօրենին` իրենից հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Տեղեկացնենք, որ Կիրակոսյանը լրատվամիջոցներով մեղադրել էր Մելքումյանին գումար յուրացնելու մեջ:
«Եթե ներողություն չխնդրի, ապա դատի եմ տալու նրան: Ես այս անանուն նամակից տեղյակ չեմ, ինքս անձամբ կուզեի պարզել՝ ով է գրել եւ ինչի համար: Եթե քո հարյուր տարվա ընկերը, գործընկերը ստորագրում է դպրոցի տնօրենի գրության տակ եւ ապա դուրս գալիս, նման բովանդակությամբ նամակ գրում, ուրեմն ինչ-որ լուրջ պատճառ է եղել, չէ՞»,-ներկայացրեց Մելքումյանը:
Նրա խոսքով՝ դպրոցում այս պահին սարսափելի լարված վիճակ է: Ի դեպ, այսօր դպրոցում տեղի է ունենալու արհմիության ժողով, որտեղ խոսվելու է նաեւ անանուն նամակի մասին:
Իսկ ուսուցիչներից Նելլի Ղոնաղչյանն էլ «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հունիսի 6-ին՝ ավարտական քննության ժամանակ, տնօրեն Կիրակոսյանն աշակերտներին առանց հիմնավորման քննասենյակից հանել է եւ կարգադրել տեղափոխել այլ քննասենյակ. «Երեխաները չհամաձայնեցին դուրս գալ, իսկ տնօրենը շրջվեց ու ինձ վրա մատ թափ տվեց:  Ես անմիջապես զանգահարել եմ ԿԳ-ի «Թեժ գիծ» ծառայություն եւ հայտնել, որ դպրոցի տնօրենը քննության օրենսգրքի խախտում է անում՝ երեխային անհիմն տեղափոխում է երրորդ քննասենյակ, որը գոյություն չի ունեցել: Սա էլ իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ ես եմ անանուն նամակի հեղինակը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Լիլի Կիրակոսյանի հետ, որը հրաժարվեց ներկայացնել իր տեսակետը: «Ես հեռախոսով ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,-ասաց տնօրենն ու կախեց լսափողը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս