ԻԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ Զամոսչի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Սարգսյանը հանդես է եկել բավականին  երկար եւ հուզական մի ելույթով, որում հնչած մտքերը, ինչպես միշտ, առնչություն չունեն նրա գործունության արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ անձնական աշխարհայացքի հետ: Մասնավորապես, անդրադառնալով  օտար ափերում հայկական ինքնությունը չկորցնելուն, Սարգսյանն ասել է. «Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերեն լեզվին, քանզի եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլեւ թուլանում է որպես անհատ»: Ինչպես ասում են` ոսկե խոսքեր, միայն թե այդ խոսքերն արտասանողի մանկահասակ թոռնիկը` 2 տարեկան Սերժը, հաճախում է ոչ թե հայկական, այլ ռուսական մանկապարտեզ, ու դրա մասին խոսում է նաեւ ինքը՝ Սարգսյանը: Նրա թոռնիկի ինքնությունն արդեն այդքան վաղ տարիքից կերտվում է ոչ թե հայկական, այլ օտար` ռուսական մշակույթի ազդեցության ներքո: Իսկ Հայաստանի Ազգային ժողովն էլ տասնյակ միլիոնավոր դոլարների արտոնություններ է սահմանում ոչ թե երկրի սահմանամերձ գյուղերի դատարկվող եւ փակվող դպրոցների, այլեւ օտարալեզու` Դիլիջանի միջազգային դպրոցի համար: Ինչեւէ, իր ելույթում լեհահայ  երիտասարդներին կոչ անելով հաճախակի այցելել Հայաստան`  Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում կատարվող փոփոխություններին: Նա մասնավորապես ասել է. «Այսօր մեր երկրում բազմաթիվ  հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու եւ եկամուտ ստանալու համար: Օր օրի վստահության այս շրջանակը լայնանում  է»: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չէր կարող Լեհաստանի հայ համայնքի առջեւ ասել, որ Հայաստանն օր օրի դատարկվում է, որ մարդիկ իրենց ունեցած վերջին գումարներով տոմս են գնում եւ արտագաղթում: Նա չէր կարող ասել, որ  այսօր Հայաստանում օր օրի վստահության շրջանակն այնքան է նեղանում, որ երկրի հոգսերը հոգալու փոխարեն, իշխանությունները զբաղված են միմյանց  դեմ խարդավանքներ կազմակերպելով: Անշուշտ, նաեւ չէր կարող ասել, որ Հայաստանում  այսօր  այլեւս ոչ ոք «նոր գործ չի հիմնում», քանի որ կա՛մ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայր փայ կմտնի, կա՛մ հարկայինը կխեղդի, կա՛մ էլ պարզապես` այդ գործը կայացնելուց հետո այն կայացնողի ձեռքից կխլեն: Այս ամենը իհարկե, Սերժ Սարգսյանն ասել չէր կարող: Նա պետք է գեղեցիկ մտքեր հնչեցներ: Սակայն խնդիրն այն է, որ ինչքան էլ Լեհաստանը հեռու է, իսկ լեհահայ համայնքը՝ հին, այդուհանդերձ, ողջ սփյուռքն էլ քաջատեղյակ է այն թշվառ վիճակին, որում այսօր հայտնվել է մեր երկիրը: Ցավոք:




Լրահոս