ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
ՃՈ տեղեկացմամբ` հուլիսի 1-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Աճառյան փողոցում (դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության վրա), Թբիլիսյան (երկու ուղղություններով) եւ Սեւանի (դեպի Սեւան քաղաք ուղղության վրա) խճուղիներում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Ճանապարհի տվյալ հատվածներում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

ՎԵՆԴԵՏԱ ՉԻ ԼԻՆԻ
Պատասխանելով  «Այսօր»-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել իրենց եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ընտանիքի միջեւ, գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը, ասել է. «Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Իսկ հարցին, թե  ճիշտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան եւ հեղինակություն վայելող մարդկանց հետ հավաք կազմակերպել` քննարկելու վրեժխնդրության տարբերակները,   Բուդաղյանը նշել է. «Ի՞նչ վենդետա, ի՞նչ հավաք: Առաջին անգամ եմ նման բան լսում»:

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏՈՒԳԵԼ
Աշխատանքի պետական տեսչությունը չի կարողանում «Արմավիա»-ում ստուգումներ իրականացնել, քանի որ ընկերության տնօրեն Նորայր Բելույանը բացակայում է հանրապետությունից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը: «2013թ-ի հունիսի 21-ից հանձնարարագիր է տրվել` «Արմավիա» ընկերությունում իրականացնելու ստուգումներ: Հունիսի 24-ին ստուգում սկսելու նպատակով մենք մտել ենք «Արմավիա» ընկերություն: Նկատի ունենալով, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանձնարարագիր ստորագրվի, որի  լիազորությունը միայն տնօրենինն է, տնօրենը խնդրել է, որ ամսի 28-ից հետո սկսենք ստուգումը, երբ ինքը կլինի հանրապետությունում»,-ասել է բաժնի պետը: «Արմավիա»-ի  67 աշխատակիցներ իրենց չստացած աշխատավարձերի խնդրով դիմել էին հանրապետության նախագահին, կառավարությանը եւ աշխատանքի պետական տեսչությանը: Բոլոր այդ  դիմումները, Վարազդատ Դանիելյանի խոսքով, վերահասցեագրվել են տեսչությանը, որն էլ ստիպված է սպասել, թե երբ ընկերության տնօրենը կբարեհաճի վերադառնալ աշխատանքի:

ՀԻՆ ՕՖՇՈՐԱԿԵՐՆԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանն օֆշորների միջոցով փողերի յուրացում է կատարել: «Առավոտ»-ի ներկայացմամբ` այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նա նշել է, որ օֆշորի միջոցով փողերի լվացումը Լ. Տեր-Պետրոսյանը կատարել է Սեպուհ Թաշճյանի (Հայաստանի էներգետիկայի նախարարը 1992-1993թթ.) եւ Գրիգոր Պողպատյանի (կապի նախարարը 1991-98թթ.) միջոցով: 1995թ. ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերությունը, որի բաժնետոմսերի 49%-ը վաճառվել  է օֆշորային գոտում (Ջերսի կղզի) գրանցված TVT ընկերությանը: 1998թ. «ԱրմենՏել»-ը վաճառվել է հունական OTE International ընկերությանը, իսկ օֆշորային TVT-ն այդ գործարքից ստացել է 85 մլն դոլար: Ըստ Ա. Սադոյանի՝ այդ գումարները յուրացրել են Գրիգոր Պողպատյանը, Սեպուհ Թաշճյանը եւ Գրիգոր Պողպատյանի համադասարանցի Լեւոն Տեր-Պետրոսյանը:




Լրահոս