Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրացին ինչպե՞ս կարող է ստանալ աշխատանքի թույլտվություն: Ի՞նչ սկզբունքով եւ որքա՞ն ժամկետով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը:
Նաիրա Ժամկոչյան (58 տարեկան, գործազուրկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ժամկոչյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
Հայտնում ենք նաեւ, որ օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:
Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական, դատավոր, դատախազ) պաշտոններ եւ աշխատել զինված ուժերում: