«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ «Չեզոք գոտի» ֆիլմի գլխավոր դերակատար Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից: Անդրադառնալով այդ փաստին՝ ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը «Բրավո»-ին ասել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորներն Աննա Հարությունյանն ու նրա ընտրյալը` ֆիլմի տնօրեն Տիգրան Շահինյանն են. «Այս ամենի մեջ շատ են Աննայի ու Տիգրանի սխալ քայլերը, որոնց մասին չենք խոսել, որովհետեւ Տիգրանը մեր ընկերն էր. ընկերական սկզբունքով ենք աշխատել: Նրա հետ էլ բավական մեծ խնդիրներ ունենք, որոնք պետք է պարզաբանենք, բայց, կարծում եմ, ոչ դատական հայցի միջոցով: Սա պետական մասշտաբի ֆիլմ է, ճղճիմ բաների հետեւից չենք ընկել, Աննան ինչ քայլեր ուզում է, թող անի, ես էլ մեղադրում եմ իրեն, դատարանում կներկայացնեմ իմ մեղադրանքները»:
Ա. Զիլֆիմյանի խոսքով` պրեմիերայի օրը մի քանի անգամ հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով. «Քանի որ Աննայի հետ չեմ շփվում, Տիգրանին եմ տեղյակ պահել պրեմիերայի մասին, նա էլ ինձ ասաց, որ չեն գալու: Շատ եմ փոշմանել, որ Աննային նկարահանել եմ: Նրա հետ խնդիրները ծագել են ֆիլմի հետարտադրական փուլում: Կինոաշխարհում ընդունված է ու ռեժիսորն իրավունք ունի դերասաններին դուբլյորներով փոխարինել. իմ ֆիլմում, բացի Աննայից, այլ դերասանների ձայնն էլ ուրիշներն են հնչյունավորել»:
Իսկ հարցին, թե դատարան դիմելը միգուցե փոխհամաձայնեցված PR քայլ է ֆիլմի շուրջ աղմուկ բարձրացնելու նպատակով, Զիլֆիմյանը պատասխանել է, որ ինքը չի ուզում նման ճղճիմ քայլեր անել, հիմա կարեւոր այլ բաների մասին է մտածում. «Թող դատի տա, դատարանը կպարզի մեր հարաբերությունները: Ուզում եմ` հայկական կինոարտադրությունը ոտքի կանգնի, աշխատում եմ պետական կառույցների հետ, զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին ֆիլմ եմ նկարում»:
«ԹՈՂ ԴԱՏԻ ՏԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ