Հայաստանում արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է զրկված լինեն ֆինանսական լուրջ հնարավորություններից: Այս երեւույթը երկու պատճառ ունի, որոնցից մեկն այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է, իսկ մյուսը` հենց ընդդիմության վարքագիծը:
Այն հանգամանքը, որ իշխանությունները պետք է ամեն կերպ ձգտեն, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները ֆինանսական հնարավորություններից զրկված լինեն, թերեւս սպասելի եւ ինչ-որ առումով էլ բնական գործընթաց է:
Իսկ ինչպես են իրենց դրսեւորում ընդդիմադիր կուսակցությունները: Փաստն այն է, որ ցանկացած գործարար, որը «հանդգնում» է իշխանությունների հետ իր շփումների մասին բարձրաձայնել, ընդդիմադիր որոշակի շրջանակների կողմից անմիջապես անարգանքի սյունին է գամվում: Ամենավառ օրինակը «Ռոսիա Մոլի»՝ մարտի 5-ին տեղի ունեցած բացման արարողությունից հետո համացանցում բարձրացած վայնասունի թարմ օրինակն է:
Ինչպես հայտնի է՝ այդ կառույցը պատկանում է «Սիլ կոնցեռնին», որի նախագահը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, որը 2008-ի նախագահական ընտրություններում սատարում էր ընդդիմադիր թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այս պատճառով Սուքիասյանը իշխանությունների կողմից երկար ժամանակ հետապնդվեց եւ իր բիզնեսների մի մասը կորցրեց: Նշված մոլի շուրջ աղմուկը բարձրացավ այն պատճառով, որ բացմանը գլխավոր հյուրը եղել էր Սերժ Սարգսյանը: Բացման արարողության նկարների տարածվելուց հետո բոլոր «թունդ» ընդդիմադիրները սկսեցին Սուքիասյաններին հիշեցնել իրենց ընդդիմադիր անցյալը:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե խիստ «սկզբունքային» են այն անձինք, որոնք գործարարներից պահանջում են, որ եթե նրանք չեն ցանկանում իշխանությանը ծախված լինելու մեջ մեղադրվել, ապա իշխանավորներից պետք է հեռու մնան, պաշտոնյա տեսնելուց փախչեն:
Իրականում, սակայն, այս մոտեցումը չես կարող սկզբունքային համարել: Նախ նկատենք, որ երբ գործարարից պահանջում ենք իր գործողությունները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորել, ստացվում է, որ ակամա հավանություն ենք տալիս բիզնեսի եւ իշխանության սերտաճմանը, քանի որ դրանք նույն մեդալի տարբեր կողմերն են: Վիճարկման ենթակա չէ այն, որ բիզնեսը չպետք է իշխանության հետ սերտաճի: Նման պայմաններում որեւէ մեկն իրավունք չունի գործարարից պահանջել, որ նա հրապարակային ընդդիմադիր դիրքորոշում արտահայտի:
Ի վերջո, հասկանալի է, որ գործարարը կարող է այս կամ այն ընդդիմադիր ուժին համակրել՝ ընդունելով, որ այդ կուսակցության իշխանության գալու դեպքում Հայաստանը զարգացման ավելի լավ հեռանկարներ կարող է ունենալ: Նույն գործարարը միաժամանակ կարող է գործող իշխանության հետ եւս լավ հարաբերություններ ունենալ, ինչը իր բիզնեսը կազմակերպելու համար պարտադիր պայման է: Այլընտրանք չկա պարզապես:
Ակնհայտ է, որ գործարարը չի կարող իշխանության հետ բացահայտ առճակատման գնալ, քանի որ կարող է իր ունեցվածքը կորցնել: Ավելին՝ ցանկացած գործարար գիտի, որ իր գործերի հաջողության համար իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերությունը պարտադիր պայման է:
Բայց այդ «պարտադիր պայմանը» ընդդիմադիր հատվածը դիտարկում է իբրեւ «վաճառվածություն», «անսկզբունքայնություն» եւ այլն: Ու տարիներ շարունակ Հայաստանում հենց այս մոտեցումն է գործում, եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ գործարարներն ամեն կերպ ձգտում են ընդդիմությունից հեռու մնալ: Ակնհայտ է, որ եթե իշխանությունների հետ նորմալ հարաբերություն պահպանելը գործարարների դեպքում իբրեւ չարագործություն չընկալվի, ապա նրանք կաշկանդված չեն լինի իրենց նախընտրած ընդդիմադիր ուժին ֆինանսապես աջակցել:
Այսինքն՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի` քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրվող քաղաքացիները հրաժարվեն գործարարներին տարանջատել ընդդիմադիրների եւ դիմադիրի: Երբ սկսի այս մոտեցումը գերիշխել, եւ գործարարներն էլ ծուղակ մղված չլինեն, նրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կհամարձակվեն ֆինանսապես աջակցել ընդդիմադիր կուսակցություններին: Այսինքն՝ այս տարբերակով դրական զարգացման հնարավորությունը կսկսի աճել: Բայց բոլորին անխտիր հայհոյելն ու մրոտելը, հաստատ, զարգացման ոչ մի հեռանկար չի խոստանում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ