ՀԱՐՍԱՆԻՔԸ` ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ
Երեկ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, որտեղ, ինչպես տեղեկացրել էինք, տեղի է ունեցել երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը: Ակցիային հետեւող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ակտիվիստներին տեղեկացրել է, որ համալիրի տնօրինությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ խնդրանքով՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում պահպանել հասարակական կարգը, ուստի իրենք թույլ չեն տալու խանգարել ռեստորանում տեղի ունեցող հարսանյաց արարողությունը: Ի վերջո, ոստիկանությունն ուժով հեռացրել է ակտիվիստներին համալիրի տարածքից:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ
«Հայազն» կուսակցությունը կամավորական ջոկատ է ստեղծում: Կուսակցության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Բաքվի ռազմատենչության, ինչպես նաեւ արտաքին ուժերի շահագրգռությամբ սանձազերծված սպառազինությունների մրցավազքի, նաեւ Հայաստանի քաղաքական վերնախավի դիվանագիտական, ներքաղաքական կոպիտ սխալների պատճառով Արցախյան անավարտ թողնված պատերազմի վերսկսման հավանականությունն օրեցօր մեծանում է եւ որեւէ ժամանակ կարող է պատուհաս դառնալ»:
«ԴՈԶԱՅԻ» ՏԱԿ Է ԵՂԵԼ
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ նրա որդին՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել: «Առավոտ»-ն այս տեղեկությունը ճշտել է Խաչատրյանների իրավապաշտպան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանից: «Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ, քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,-ասել է փաստաբանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՍԱԾԸ ՆՈՐԻՑ ՀԵՐՔՎԵՑ
«ԳԱԼԱ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերությունը, որը օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող խոշոր մասնագիտացված կազմակերպություն է, հայտնել է, որ բացառվում է առանց անձի իմացության նրա անունով օֆշորային կազմակերպություն բացելը. «Ո՛չ, հնարավոր չէ: Նրանք կորպորատիվ ծառայություններ մատակարարողին պետք է ապահովեն պատշաճ տեղեկություններով, նախ պետք է ներկայացնեն նոտարով հաստատված անձնագրի կրկնօրինակը, բանկային մի շարք փաստաթղթեր: Հարկավոր է նաեւ կազմակերպության ներսում որոշ փաստաթղթեր լրացնել»: Այնուամենայնիվ, «Transinc Global Services»-ի գործադիր տնօրենը նման գործարքի իրականացման միայն մեկ եղանակ է մատնանշել. «Եթե ինչ-որ մեկին տրված է եղել լիազորագիր, եւ կողմը կատարված գործարքի մասին չի տեղեկացրել անձին»: