ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԾԵԾԻ ԳՈՐԾԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարի առաջ՝ 2008թ. նոյեմբերի 17-ին, մեր գործընկեր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը դաժան ծեծի ենթարկվեց: Թեեւ ծեծի մասնակիցները երեքն էին, սակայն դատապարտվեց ընդամենը մեկը՝ Կարեն Հարությունյանը, որն էլ իր պատժի 5-ամյա ժամկետից մեկ տարի շուտ, վաղաժամկետ ազատ արձակվեց:
«Ժողովուրդ»-ը վերջին շրջանում անդրադառնում է բռնության ենթարկված լրագրողների գործերին` հանրությանը հիշեցնելու, թե լրագրողներն ինչպես են կյանքի գնով տեղեկություն մատուցում: Վերջին օրերին մեծ աղմուկ հանած օֆշորային սկանդալի հեղինակ, «Հետք»-ի մեր գործընկեր Էդիկ Բաղդասարյանը եւս բռնությունների ու սպառնալիքների է ենթարկվել իր լրագրողական աշխատանքի պատճառով: Դեռեւս 2008թ. նոյեմբերի 17-ին 3 անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի էին ենթարկել Է. Բաղդասարյանին:
Դեպքը տեղի էր ունեցել ժամը 20-ի մոտ, այն պահին, երբ Է. Բաղդասարյանն աշխատանքից հետո Բուզանդի 1/3 հասցեի իրենց գրասենյակից պատրաստվում էր տուն գնալ: «Մոտեցա մեքենայիս, 3 հոգի արդեն ինձ էին սպասում, առանց որեւէ բառ ասելու հարձակվեցին վրաս ու սկսեցին հարվածել»-,
«Ա1+»-ին պատմել էր Է. Բաղդասարյանը: Նա դիմադրել էր այնքան, մինչեւ նրանցից մեկը քարով հարվածել էր գլխին, որին հաջորդած առատ արյունահոսությամբ էլ ավարտվել էր ծեծկռտուքը: Է. Բաղդասարյանը վազել էր դեպի շենք` խնդրելով շտապօգնություն կանչել: Իսկ նրա վրա հարձակվողները փախուստի էին դիմել: Հանցագործները լրագրողի վրայից պոկել ու տարել էին վերնաշապիկը եւ խմբագրությանը պատկանող թանկարժեք ֆոտոխցիկը: Դեպքից անմիջապես հետո Է. Բաղդասարյանն ասել էր, որ իրեն վերջին շրջանում ոչ ոք չի սպառնացել, ուստի դժվար է կողմնորոշվել, թե հարձակումն ով էր կազմակերպել:
Հատկանշական էր, որ այդ օրերին Բաղդասարյանին այցելության գնաց հենց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ասելով, թե բացահայտումներ կլինեն: Բայց, չնայած դրան, մինչ օրս անհայտ է, թե ով էր պատվիրել լրագրողի ծեծը եւ ինչի համար: Բանն այն է, որ Բաղդասարյանին ծեծելու մեղադրանքով կալանավորված եւ 5 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Հարությունյանը 2009թ. հունիսի 4-ին դատարանում ասել էր. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»: Իսկ նրա մայրը՝ Անահիտ Մարկոսյանը, դատարանում հայտարարել էր. «Իմ տղայի գլխին սարքում են: Նա որեւէ կապ չունի Բաղդասարյանի վրա կատարված հարձակման հետ»: Ի դեպ, Բաղդասարյանը եւս հայտարարել էր, թե չի ճանաչում Կարեն Հարությունյան անունով անձնավորության, ուստի չգիտի, թե ինչու էր նա հարձակվել իր վրա:
Ասել է թե՝ Է. Բաղդասարյանին ծեծի ենթարկելու գործն էլ մինչեւ վերջ ամբողջությամբ չբացահայտվեց, այնպես, ինչպես «ՀԺ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Իրավունք»-ի խմբագիր Հովհաննես Գալաջյանի ծեծի դեպքերը:
«Ժողովուրդ»-ը փորձեց 5 տարի առաջ տեղի ունեցածի մասին զրուցել Բաղդասարյանի հետ, սակայն նա չցանկացավ որեւէ բան մեկնաբանել:
Իսկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Գոռ Ղլեչյանը մեզ տեղեկացրեց, որ 5 տարի առաջ կալանավորված դատապարտյալ Կ. Հարությունյանը մեկ տարի առաջ վաղաժամկետ ազատ է արձակվել:
Հավելենք, որ «Հետք»-ը մշտապես եղել է հնարավորինս օբյեկտիվ եւ մշտապես նրա կողմից արված բացահայտումներին որեւէ պաշտոնյա չի կարողացել լրջագույն հակափաստարկներով հանդես գալ: Իսկ թե ինչ ավարտ կունենա Տ. Սարգսյանի օֆշորային սկանդալը, դեռ վաղ է կանխատեսել, թեեւ արդեն նկատելի է, որ հերթական անգամ փորձեր են արվում նրան «ջրից չոր դուրս բերելու» համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս