Ավագ դպրոցների աշակերտները հանդիպել են Արծրուն Հովհաննիսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աշակերտական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մարտի 19-ին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, բանակում իրականացվող բարեփոխումները, բանակի համալրման սկզբունքները և այլն։
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է նաև աշակերտների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերում էր հանրության շրջանում հերոսի կերպարի ձևավորմանը։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ գործում մեծ դեր ունեն քարոզչական միջոցները։

«Երբ մեր հիմնական քարոզչահարթակներում՝ հոլովակներ, ֆիլմեր, հաղորդումներ, երգեր և այլն, կգերազանցի ռազմահայրենասիրական թեման, երբ մեր հիմնական սերիալները կլինեն բանակի, հայրենասիրության, ազնվության, քաջության մասին, երբ սերիալներում կիսագողական բարքերով անձինք չեն լինի գլխավոր հերոսները, երբ հանրությունը ենթագիտակցորեն կմերժի նման կերպարներին, այդ ժամանակ էլ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իսկ այս ուղղությամբ անցած 20 տարիներին մենք բավականին բացթողումներ ենք ունեցել։ Այս ամենը հնարավոր է վերացնել հիմնականում միայն քարոզչության մեթոդով, մյուս մեթոդները միայն կարող են աջակցել»,- ասել է բանախոսը՝ նկատելով նաև, որ այս ուղղությամբ վերջին 5 տարիներին նկատելի են շտկման փորձեր։
Հանդիպման ավարտին աշակերտները նկատեցին, որ իրենց դպրոցներում իրականացվելիք ծրագրերում անպայման հաշվի կառնեն պարոն Հովհաննիսյանի խորհուրդները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս