ԼԱՎ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ ԷԼ Է ԼԱՎ ՊԱՇՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը երեկ՝ նիստի ժամանակ, որոշեց Վահե Հակոբյանին նշանակել Սյունիքի մարզպետ: Վերջինիս հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր որդու՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու փաստին, կարծիք հայտնեց, որ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը դա շատ լավ է ընդունել, ավելին, նրանք հանդիպել եւ զրուցել են:
-Պարո՛ն Հակոբյան, Դուք ինչպե՞ս ընդունեցիք Ձեր որդու՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակման լուրը:
-Շատ ուրախ ընդունեցի: Ցանկացած ծնողի համար ուրախալի է, երբ իր զավակին պետության մասշտաբով գնահատում են եւ պատասխանատու գործ առաջարկում:
-Դուք մի առիթով ասել էիք, որ Ձեր տղան ավելի լուրջ արժանիքներ ունի բարձր պաշտոն զբաղեցնելու: Ըստ Ձեզ՝ սա՞ էր ամենաբարձրը:
-Ո՛չ, դա ես խոսքի մեջ էի այդպիսի բան ասել, իսկ հիմա էլ ասում եմ, որ ցանկացած ծնող շատ ուրախ կլինի, որ իր որդին լինի պարկեշտ, հասարակության ու ժողովրդի կողմից սիրված, գրագետ: Պաշտոն՝ դա դեռ չի նշանակում… ինձ համար լավ մարդ լինելն էլ է լավ պաշտոն: Բացի այդ, պետք է ձգտել եղածի մեջ լավը լինել, կապ չունի, թե ինչ պաշտոն ունես: Մարզպետ եղար, լավը լինես, նախարար եղար, լավը լինես, տնօրեն եղար, լավը լինես:
-Միգուցե ծնողներն ուրախանում են իրենց զավակների պաշտոնի նշանակմամբ, բայց կհամաձայնեք, որ այսօր մեր երկրում ցանկացած պաշտոնական նշանակում հանրության լայն շրջանակների կողմից լավ չի ընդունվում: Առավել եւս Սյունիքի մարզպետի պաշտոնի դեպքում, երբ այստեղ հանգամանքներն ու դրդապատճառները միանգամայն այլ են: Ի՞նչ պետք է անի Ձեր տղան՝ այդ կարծրատիպը փոխելու համար:
-Իմ կարծիքով՝ ճիշտն այն է, երբ ինքը սկսի աշխատել եւ իր աշխատանքով ցույց տա: Պիտի որոշակի ժամանակ աշխատի, թեկուզ մի քանի ամիս կամ մեկ տարի, նոր տեսնենք: Միանշանակ ես համոզված եմ, որ ինքը նոր ձեւով, մեթոդներով պետք է աշխատի: Հետո գիտեք, օր օրի ամեն ինչ փոխվում է, կյանքն անընդհատ փոխվում է, մարդկանց պահանջներն ու մտածելակերպը նույնպես փոխվում են: Թողնենք՝ աշխատի, եւ բոլորս էլ, որքան հնարավոր է, պետք է աջակցենք մանավանդ երբ երիտասարդ է, որպեսզի իրեն ամբողջությամբ դրսեւորի: Որպես ծնող՝ ես էլ կոգեւորեմ եւ բոլորին էլ կոչ կանեմ՝ եկե՛ք միասին փորձենք օգնել եւ սովորենք նաեւ մի քիչ լավ բաները տեսնել եւ լավի ջրաղացին ջուր լցնենք:
-Համոզվա՞ծ եք, որ նա կկարողանա կոտրել հասարակության կողմից  նոր պաշտոնյային «վատ աչքերով» չնայելու կարծրատիպը:
-Համոզված եմ: Կարող է՝ իմ զավակն է, ես ավելի պոզիտիվ եմ մտածում, բայց իրեն ճանաչելով՝ կարող եմ ասել, որ ինքը բազմաթիվ ծրագրեր է իր առաջ դրել եւ լավ է կատարել:
-Հետաքրքիր է իմանալ՝ հունիսյան արյունալի իրադարձություններից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպե՞լ եք:
-Այո՛, բա իհարկե: Մենք միշտ էլ հանդիպում ենք: Ես մեր կողմերում ճանաչված մարդ եմ: Մեր մարզի բոլոր համայնքներում ես տասնյակ անգամ եղել եմ եւ մարզի կյանքից ոչ մի վայրկյան չեմ կարող կտրվել: Որպես խոշոր ձեռնարկության ղեկավար՝ տարբեր հարցեր են լինում, մենք ազգաբնակչության հետ շփվում ենք:
-Նա Ձեր որդու՝ մարզպետ նշանակվելու որոշումն ինչպե՞ս է ընդունել:
-Շատ լավ: Գիտեք ոնց, ինքը նոր չի ճանաչում իմ տղային, շատ վաղուց գիտի: Կարելի է ասել՝ ծնված օրվանից մեր ընտանիքները ճանաչում են իրար: Համենայնդեպս, ինձ զանգել է, խոսել է, հանդիպել ենք նորմալ, բարձր տրամադրությամբ: Այդ մարդու ոգեւորվածությունը ես որ տեսել եմ, իհարկե կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ, վստահ ասում եմ, որ մեր հարաբերությունները լավ են:
-Նախընտրական շրջանում Ձեր հարաբերությունները կարծեք լարված էին, հիմա ամեն ինչ կարգի՞ն է:
-Չէ՛, չէ՛, այդպիսի բան չի եղել, բազմաթիվ անգամ ասել եմ եւ հիմա էլ կասեմ. մենք շատ վաղուցվանից ընկերներ ենք՝ 20-30 տարի: Պահ է եղել՝ մի փոքրիկ սառնություն է եղել, բայց ասել, թե հարաբերություններն այսպես են, այնպես են, այդպիսի բան չկա: Եթե դու այդ մարդու տանը գիշերում ես, ո՞նց կարող է դու նրա հետ լավ կապեր չունենաս, ինչի՞ մասին է խոսքը: Ավարտեցի՞նք: Շնորհակալություն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս