«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն նախօրեին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է «Եվրոպական Ժողովրդական » կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների լայն օրակարգի և միջկուսակցական համագործակցության հարցեր: ԵԺԿ նախագահը ողջունել է «Հայկական վերածնունդ» կուսակցության պատվիրակությանը և նրա ղեկավարին ու պատրաստակամություն հայտնել ամրապնդել և խորացնել հարաբերությունները հայաստանյան գործընկեր կուսակցության հետ: Իր կողմից ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը, որին, ըստ Արթուր Բաղդասարյանի, կարող է նպաստել նաև կուսակցությունների միջև սերտ համագործակցությունը: Հաշվի առնելով անցյալի արդյունավետ համագործակցության փորձը` ՀՎԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ միջկուսակցական հարաբերություններն առաջիկայում ևս կգտնվեն բարձր մակարդակի վրա: ՀՎԿ պատվիրակության անդամները հանդիպել են նաև Եվրոպական խորհրդարանի անդամների հետ՝ ներառյալ՝ Դ.Լինոյի, Ա.Կգրիշպի, ինչպես նաև ԵԺԿ փոխնախագահ Յ.Սարյուս-Վոլսկու հետ:
Եվրոպական այցելությունների շրջանակներում Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Բելգիա փոխհարաբերություններին, բելգիահայ համայնքի խնդիրներին և հայրենիք սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը կզբաղվի «Հայկական վերածննդի» գրասենյակների հիմնման աշխատանքներով եվրոպական այնպիսի խոշոր մայրաքաղաքներում, ինչպիսիք են Բրյուսելը, Փարիզը և Բեռլինը:
Մարտի 22-24-ը Արթուր Բաղդասարյանը քաղաքական հանդիպումներ կունենա Փարիզում, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ կանցկացնի Փարիզում, Ֆրանկֆուրտում ձևավորված «Հայկական վերածննդի» նախաձեռնող խմբերի հետ:
Շաբաթվա վերջին ՀՎԿ պատվիրակությունը կայցելի Մոսկվա, որի մասին տեղեկատվությունը կհաղորդվի հաջորդիվ: