«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ընդդիմության շրջանում մտմտում են 2017 թվականի ընտրություններին հնարավորինս լայն դաշինքով մասնակցելու հարցը: Առայժմ միայն մտադրություններ են ճշտվում դաշինքի հնարավոր շրջանակը պարզելու համար:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ խոսքը հիմնականում ՀԱԿ-ի, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԺԿ-ի եւ քաղաքացիական սեկտորի մի քանի վառ դեմքերի մասին է: Ճիշտ է, Ժիրայր Սեֆիլյանը մերժում է ընտրությունների ճանապարհը, բայց օրեր առաջ հայտարարեց, որ Ազատության հրապարակում քաղաքական ուժերի եւ ժողովրդի մոբիլիզացիայի վերջին փորձն են անելու: Ըստ մեր տեղեկությունների, Սեֆիլյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ այս փորձն էլ ձախողվելու դեպքում քննարկվելու է միասնական ուժերով ընտրությունների գնալու տարբերակը:
ՀԱԿ-ն այս ընթացքում փորձելու է պրոցես սկսել ԸՕ քննարկումների շուրջ եւ այն վերածել իշխանափոխության գործընթացի, հաջողության դեպքում այս երկու պրոցեսները կարող են միավորվել:
Որոշ գնահատականներով, չի բացառվում, որ «Նոր Հայաստանի» մի մասը միանա «Ժառանգությանը» եւ կուսակցության անվանափոխությամբ ստեղծվի նոր քաղաքական ուժ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: