«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացված է: Ընտրությունների մեխանիզմը վաղուց վերածվել է և հետզհետե կատարելագործվում է որպես հանցավոր վարչախմբի վերարտադրության գործիք:
Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է: Այն սահմանում է պետական կառավարման համակարգի ձևավորման մեխանիզմը, ուստի ըստ էության սահմանադրության բաղադրիչ է:
Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ դնելը 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելուց հետո ամբողջ ժողովրդի իշխանության յուրացման և նրա ինքնորոշման իրավունքի ոտնահարման գործընթացի շարունակությունն է:
Այդ պատճառով սահմանադրական հանրաքվեի օրինակով նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը նույնպես կարող է հնարավորություն ստեղծել հանցավոր վարչախմբին հեռացնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ընդդիմության համախմբման ու նրա քաղաքական բևեռի կայացման համար:
Ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության համախմբումը հնարավոր է նախագծի վերաբերյալ վարչախմբին ներկայացված հինգ պահանջների ընդունումը պարտադրելու նպատակի շուրջ՝ դրանք դիտելով որպես մեկ ամբողջություն և բացառելով զիջումները այդ պահանջներից որևէ մեկի մասով:
Ուստի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է ընդդիմադիր ուժերի ու քաղհասարակության գործնական և ակտիվ մասնակցությունը ժողովրդին մոբիլիզացնելու և հանրահավաքային շարժման ու քաղաքացիական անհնազանդության քայլերի միջոցով նրա կամքը վարչախմբին պարտադրելու ծրագրի մշակման և իրականացման գործում»: