Ռամազոտիի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում. հայ գործարարները չփրկեցին իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրոս Ռամազոտիի հայաստանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production-ի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը պաշտոնական հայտարարություն է արել, որտեղ նշվում է. «FORPOSTART PRODUCTION-ը բանակցություններ էր վարում Trident Music Srl-ի հետ («Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը Էրոս Ռամազոտտիի՝ 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչն է)՝ ի դեմս Մաուրիցիո Սալվադորիի, ով պատրաստ էր գնալ զիջումների և սպասել ևս 2 օր՝ ստեղծված իրավիճակում երևանյան շոուի կազմակերպման հնարավորության հարցը հստակեցնելու համար: Մենք դիմեցինք մի քանի հայ գործարարների՝ համերգը փրկելու ակնկալիքով, սակայն դրական պատասխան չստացանք: Եվ արդյունքում, Էրոս Ռամազոտտի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում՝ համաձայն Trident Music Srl-ի որոշման:

Global Communications -ի ղեկավար Ա. Ագապովը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մենք պաշտոնական հարցումով դիմել ենք Global Communications -ին և սպասում ենք պատասխանի: Այս պահի դրությամբ ոչ մի արձագանք չկա: Մենք ճիշտ համարեցինք դադարեցնել տոմսերի վաճառքը, չնայած նրան, որ ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել, բացառությամբ՝ երևանյան համերգը չեղարկելու մասին Trident Music Srl-ի ղեկավարի հնչեցրած որոշման:

FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքվել է գործակալական պայմանագիր, որի համաձայն FORPOSTART PRODUCTION-ը հանդիսանում է Երևանում Էրոս Ռամազոտտի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական կատարողը, իսկ Global Communications-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, պատվիրատուն: Նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է FORPOSTART PRODUCTION-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ (երևանյան ենթագործակալների՝ երրորդ անձանց վճարումները):

Սակայն, FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը մշտապես գնացել են զիջումների և ինքնուրույն են լուծել կապալառուների հետ ծագած ֆինանսական հարցերը (FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքված գործակալական պայմանագրի համաձայն, գործակալը, այսինքն FORPOSTART PRODUCTION-ը իրավունք ունի միջոցառման տոմսերի իրացման համախառն հասույթից, ներկայացված հաշիվների և կապալի պայմանագրի հիման վրա կատարել վճարումներ կապալառուին՝ Միջոցառման կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշվի գումարների սահմաններում):

«5.5 Գործակալն իրավունք ունի սույն պայմանագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցող ենթագործակալների հետ` Պրինցիպալի հետ նախնական համաձայնեցմամբ կնքված պայմանագրերով վճարումներ կատարել Միջոցառման տոմսերի իրացման համախառն հասույթից, Միջոցառման անցկացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվի սահմաններում (Հավելված 4), միայն Պրինցիպալին նախապես ծանուցելով` համաձայն ներկայացված հաշիվների և ենթագործակալների հետ կնքված պայմանագրերի:»: Նույն պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ Արտիստի մեղքով Միջոցառման չեղարկման դեպքում Գործակալը որևէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են Պատվիրատուին, այսինքն Global Communications-ին:

«7.15 Պրինցիպալի կամ Արտիստի մեղքով Միջոցառման` չեղյալ հայտարարվելու դեպքում Գործակալը չի կրում Պրինցիպալի կրած վնասների փոխհատուցման որևէ պարտավորություն, իսկ հետագայում ազատվում է սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կապակցությամբ ցանկացած պատասխանատվությունից: Միջոցառման` ոչ Գործակալի մեղքով չեղյալ հայտարարվելու դեպքում իրացված տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման պարտավորությունը կրում է Պրինցիպալը` համաձայն կողմերի կողմից կնքված ծախսերի համաձայնեցման ակտի և սույն պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի պայմանների:»: Վերոգրյալի հիման վրա տեղեկացնում ենք բոլոր «Ենթագործակալներին» Միջոցառման տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Լրացուցիչ հայտնում ենք, որ տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը:

«4.9 Իրացված տոմսերը համարվում են Պրինցիպալի սեփականությունը: Հաճախորդի/հանդիսատեսի կողմից տոմսերի ձեռքբերման պահից բոլոր իրավունքները և պարտականությունները ծագում են հանդիսատեսի և Պրինցիպալի միջև:»: Բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ գործակալի մեղքով չեղարկված Միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է Պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ, FORPOSTART PRODUCTION-ը, որ նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի:

Հայցադիմումով մենք պահանջելու են ֆինանսական վնասի, բաց թողնված օգուտի, տուժանքների (տուգանքների, գանգատների, երրորդ անձանց պահանջների և բողոքների հատուցում), ինչպես նաև բարոյական վնասի և մեր ընկերության բարի համբավին հասցված վնասի փոխահատուցում: Լրացուցիչ ուզում եմ տեղեկացնել, որ Բաքվում ս/թ ապրիլի 28-ին նախատեսված Էր Ռամազոտտի համերգը՝ կապված վերը նշված կոնֆլիկտի հետ (Global Communications-ի և Trident Music Srl-ի միջև), նույնպես չեղյալ էր հայտարարվել: Սակայն, Հեյդար Ալիևի ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ այն Բաքվում կկայանա, այս պահի դրությամբ՝ ապրիլի 27-ին:

Վրաստանում ևս, իրենց մշակույթի նախարարության աջակցությամբ, ինքնուրույն լուծել են իրենց ֆինանսական խնդիրները Trident Music Srl-ի հետ և այս պահի դրությամբ Է. Ռամազոտտի համերգը Թբիլիսիում կկայան ապրիլի 24-ին»:




Լրահոս