Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ էր, մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Երեկ ուշ երեկոյան Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում հայտնաբերվել է Կարեն Վարդանյանի դին:
Պարզվել էր, որ մարտի 17-ին Կարեն Վարդանյանին բութ գործիքներով հասցված բազմաթիվ հարվածներով սպանել էին Արթուր Միհրանյանը և Կարեն Վարդանյանի հարևան Գևորգ Զոհրաբյանը, ում ավտոտնակում էր հայտնաբերվել դին:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ պարզելու դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ:
«Գեւորգ Զոհրաբյանը եւ Կարեն Վարդանյանը որոշել էին ինչ-որ մի բիզնեսով զբաղվել: Չարաշահելով Կարեն Վարդանյանի վստահությունը՝ Գեւորգ Զոհրաբյանը համոզել էր նրան բնակարանը ձեւակերպեն իր անունով, քանի որ Կարենը չէր կարողանա գրավ դնել, ինչ-որ կալանքի խնդիր է առաջացել: Դե, այնուհետեւ Գեւորգ Զոհրաբյանը մտածել էր, որ բնակարանը խլելու եւ գումարը իր գրպանը դնելու լավագույն տարբերակը Կարեն Վարդանյանից ազատվելն էր»: