«ԵՐԿՐՊԱԳՈՒԻՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իքս Ֆակտոր 2», «Պրեմիերա» նախագծերից հայ հանրությանը հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը ստեղծագործական տեւական դադարից հետո օրերս երկրպագուների դատին հանձնեց նոր տեսահոլովակ` նկարահանված «Ամառ է, ցուրտ է» երգի հիման վրա: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ներկայիս ծրագրերի մասին, տեղեկացրել, որ առաջիկայում հեռուստադիտողներն իրեն կտեսնեն նոր երաժշտական նախագծում: Լենան խոսել է նաեւ իր երկրպագուների, նրանց կազմակերպած այն անակնկալների մասին, որոնք տպավորել են իրեն:

-Լենա՛, մտավախություն չկա՞ր, որ դադարի փուլից հետո հանդիսատեսը կարող էր մոռացած լինել Ձեզ:
-Ո՛չ, ես դրանից չեմ վախենում, իսկ երբ տեսահոլովակից հետո իմ հասցեին ջերմ խոսքեր լսեցի, ավելի ուրախացա: Նշեմ, որ առաջիկայում իմ տեսահոլովակները կհաջորդեն մեկը մյուսին. «Պրեմիերա» նախագծի շրջանակում իմ կատարած «Փակուղի» երգը, որը եզրափակիչ անցած 6 երգերից «Շանթ»-ի հեռուստադիտողների քվեարկության արդյունքների համաձայն հաղթող ճանաչվեց, եւս կունենա իր տեսահոլովակը: Երկրպագուներիս տեղեկացնեմ նաեւ, որ շուտով իրենց դատին կհանձնեմ մի նոր երգ, որի պրեմիերան կկայանա նաեւ Նյու Յորքի ռադիոկայանների եթերում: Իսկ սա ունի իր նախապատմությունը: Որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իմ էջում հերթական անգամ տեղադրել էի երգերիցս մեկը: Հանկարծ ամերիկաբնակ երգահան Արթուր Բարսեղյանից հաղորդագրություն ստացա, որտեղ նա նշում էր, թե շատ է ուզում իմանալ` ով է այն աղջիկը, որը կատարում է այդ երգը: Երբ ես ասացի, որ երգողը հենց ես եմ, նա խոստովանեց, որ այն շատ է դուր եկել իրեն: Մենք աստիճանաբար մտերմացանք, իսկ հետո Արթուրն ասաց, որ նոր հեղինակային երգ ունի եւ կցանկանա, որ այն կատարեմ հենց ես: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը:
-Առաջիկայում Ձեզ էլի երաժշտական նախագծերում, մրցույթներում կտեսնե՞նք:
-Մրցույթների մասնակցելու ցանկություն դեռ չկա, բայց շուտով «Շանթ»-ի եթերում կմասնակցեմ մի նախագծի, որի շրջանակում հանդես կգամ մինի մենահամերգով: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Նշեմ նաեւ, որ ունեմ Հայաստանից դուրս համերգների հրավերներ, որոնք ընդունել եմ:
-Ակումբային համերգներից զերծ եք մնում, ինչո՞ւ:
-Այդպիսի մթնոլորտում ինձ լավ չեմ զգում, ինձ չեմ գտնում:
-Պրոդյուսեր ունե՞ք:
-Ոչ, չունեմ, շատ հարցերում մայրս է օգնում ինձ:
-Կրթությունը շարունակելու մտադրություն կա՞:
-Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը, սովորել եմ Երգի պետական թատրոնում, հիմա արդեն ծրագրում եմ ուսումս շարունակել Երեւանի պետական կոնսերվատորիայում` ջազ-վոկալ բաժնում:
-Ձեզնից, իհարկե, կարելի է ակնկալել էքսպերիմենտներ, բայց այն, որ Դուք cover տարբերակ կստեղծեիք, ոչ ավել, ոչ պակաս, Արամ Ասատրյանի երգերից մեկի հիման վրա, դա, իսկապես, անսպասելի էր: Ինչպե՞ս ընտրվեց հենց «Մարիամ» երգը:
-Այո, իսկապես, ոչ ոք չէր պատկերացնում: Ես սիրում եմ ընտրել հանրության կողմից սիրված ժողովրդական կամ էստրադային երգեր եւ ձեւափոխել: Ի դեպ, երգը Youtube-ում հասցրել է մեծ քանակությամբ դիտումներ հավաքել: Բացի այդ` տեղեկացնեմ, որ ինքս երկու նոր երգ եմ գրել, մեկը` զինվորի մասին, որը նվիրել եմ եղբորս, իսկ երկրորդը` սիրային բնույթի, այն կոչվում է «Քեզ գտա»:
-Բայց իսկապես գտե՞լ եք Ձեր միակին:
-Չէ, չեմ ուզում այդ մասին բարձրաձայնել, երբ ժամանակը գա, կխոսեմ:
-Դուք ունեք թինեյջեր-երկրպագուների մեծ զանգված. նրանք կանանց տոներին Ձեզ անակնկալներ անո՞ւմ են:
-Նվերներ եւ շնորհավորանքներ հաճախ եմ ստանում, բայց, բացի պատանիներից, վերջերս շատ եմ շոյվել իմ փոքրիկ երկրպագուներից մեկի անակնկալից: Նա ընդամենը 4 տարեկան է եւ նույնիսկ մարտի 8-ի փոխարեն շնորհավորեց իմ մարտի 9-ը, այնուամենայնիվ, այդ քայլը շատ երջանկացրեց ինձ (ծիծաղում է): Առհասարակ, ես անակնկալներ, օրիգինալ քայլեր շատ եմ սիրում: Օրինակ՝ կարծում եմ՝ ամեն աղջկա էլ դուր կգա, որ իր համար չկրկնվող հրավառություն կազմակերպեն:
-Չե՞ք վախենում, որ մեր հարցազրույցից հետո երկրպագուները Ձեր պատուհանի տակ հրավառություններ կանեն:
-Ասեմ, որ ինձ համար երկրպագուս կազմակերպել է շատ մեծ հրավառություն, որը շատ է տպավորվել, չեմ մոռանա: Դա եղել է իմ ծննդյան օրը, եւ հիշարժան պահ է ինձ համար: Իսկ, առհասարակ, ես փոքր բաներից ուրախացող մարդ եմ եւ կարծում եմ, որ տղաները միամսյակին եւ դրանից դուրս պետք է անեն ամեն հնարավորը` կանանց եւ աղջիկների սրտերը ջերմացնելու համար:

 

 

 

 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱԾ ԱՆԳԱՄՆԵՐ ՏԵՍԱԾ ԿԼԻՆԵՔ ՆՄԱՆ ՇՈՈՒ»

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պրեմիերա 3» երաժշտական նախագծի առաջին կիսաեզրափակիչ փուլի շրջանակում մասնակիցներից Նարե Գեւորգյանի կատարմամբ «Իմ փոխարեն» երգն օրերս ողողեց համացանցը եւ հասցրեց մեծ թվով դիտումներ, հավանություններ եւ մեկնաբանություններ հավաքել սոցցանցերում եւ բլոգերում:

Նարեն այնքան զգացմունքային կատարեց երգը, որ հուզեց նաեւ ժյուրիին, հատկապես Ավետ Բարսեղյանին եւ հանդիսատեսին: Անգամ ելույթից հետո Նարեի արցունքները չէին դադարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը երգել է բոլոր այն մարդկանց սրտից, որոնք երբեւէ ապրել են նկարագրվող պահերը. «Քանի որ ես էմոցիոնալ մարդ եմ, պարզապես անհնար կլիներ «Իմ փոխարեն»-ը կատարել առանց արցունքների: Եվ չնայած փորձում էի ինձ զսպել, որ չասեն` լացեց, որպեսզի երգն իրեն մնա (ըստ նախագծի կանոնների` ժյուրին պետք է ընտրեր, թե մասնակիցներից ում հանձներ երգը, հեղ.), այնուամենայնիվ, չստացվեց: Կարծում եմ` էմոցիաները տեղ հասցնելու գործում մեծ դեր ունեցավ նաեւ թավջութակի նվագակցությունը, որը բավական համահունչ էր ստեղծագործությանը»:
Մեր այն հարցին, թե չի կարծում, որ մասնակիցներից որ մեկն էլ հետագայում կատարի այս երգը, այն ասոցացվելու է Նարեի հետ, վերջինս պատասխանեց. «Ինձ պետք էր, որ ես գեթ մեկ անգամ կատարեի այդ երգը, եւ իմ ցանկությունն իրականացավ, դեռ ավելին` այն սպասվածից ավելի մեծ տարածում գտավ: Եթե այն մնար ինձ, ես ամեն անգամ այդ գործը կատարելիս ուղղակի կսպառվեի: Երգն արդեն պատկանում է նախագծի մեկ այլ մասնակցի` Նիկ Եգիբյանին: Իհարկե, մեր երաժշտական ոճերը շատ տարբեր են, բայց վստահ եմ, որ Նիկին էլ կհաջողվի առանձնահատուկ կերպով մեկնաբանել այս ստեղծագործությունը՝ թեկուզ յուրահատուկ գործիքավորում կատարելով»:
Խոսելով «Պրեմիերայի» վերջին փուլի մասին` Նարեն խոստացավ, որ ինքը ներկայանալու է ստանդարտից դուրս շոուով. «Հայաստանում հաշված անգամներ տեսած կլինեք նման շոու` իր կրեատիվ մոտեցումներով. այդ ելույթից սպասումներս շատ մեծ են: Դեռեւս չեմ կարող ասել, թե որ երգն եմ ներկայացնելու, բայց մի բան հստակ է` այն չի լինի «Իմ փոխարեն»-ի պես թախծոտ գործ. այս անգամ բեմից հանդիսատեսին կփոխանցվեն միայն ուրախ ժպիտ եւ պոզիտիվ զգացումներ»-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՍՏՂԱԲՈՒՅԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը այս տարի երաժշտասերներին յուրահատուկ անակնկալներ է խոստանում` բացառիկ հյուրերի ու համերգների տեսքով: «Արմենպրես»¬ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ «Երեւանյան հեռանկարներ»¬ն այս տարի ապրիլի 26¬ին կնշի հիմնադրման 15¬ամյակը: Հոբելյանական երեկոյի գեղարվեստական մասը շատ գեղեցիկ կլինի, կլինեն հյուրեր, երաժիշտներ: Հոբելյանին կմասնակցի Էստոնիայի «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, Հայաստանից բազմաթիվ կոլեկտիվներ, նվագախմբեր, մենակատարներ: «Հորտուս Մուզիկուսն» առանձին համերգով ելույթ կունենա ապրիլի 27¬ին: Հաջորդ համերգով փառատոնը Հայաստան կբերի ռուս ճանաչված դաշնակահար Միխայիլ Պլետնյովին, ով մեր երկրում համերգ կունենա մայիսի 10¬ին: Հունիսին նախատեսվում է The Hagen Quartet¬ի վերադարձը Հայաստան»: Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ` աշնանը սպասվում է իսկական աստղաբույլ, քանի որ Հայաստան կժամանեն անգլիացի ջութակահար Նայջլ Քենեդին, անգլիական The King՚s Singers խումբը, որը 2011¬ին յուրահատուկ համերգ է ունեցել Երեւանում: Հյուրերի թվում է նաեւ հայտնի կին դիրիժոր Ջեսիկա Քոթիսը: «Կարծում եմ, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին հնարավոր կլինի հրավիրել եւ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիներին: Կլինեն նաեւ բազմաթիվ վարպետության դասեր Բյուրական ակադեմիայում, անվանի երաժիշտների մասնակցությամբ»,¬ եզրափակել է Ս. Հովհաննիսյանը:

 

 

ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն արդեն սկսել է տարբեր քվեարկություններում պայքարել իր մրցակիցների դեմ: Ընթացքի մեջ են, օրինակ, ««Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչից ովքե՞ր կանցնեն եզրափակիչ» կամ «Ո՞վ կհաղթի «Եվրատեսիլ 2016-ում»» քվեարկությունները. ի դեպ, այս պահի դրությամբ Իվետան ֆավորիտների տասնյակում է:

 

 

ՇԱՀԱՎԵՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նմանակը` Քրիսթին Հեմը, ժամադրությունների միջոցով վաստակում է տարեկան ավելի քան 10 հազար դոլար: Daily Mail-ի փոխանցմամբ` Քրիսթինն արտաքուստ բավական նման է Քիմին, ընդ որում, նա էլ է հայուհի եւ ապրում է Կալիֆորնիայում: Դեռեւս նախորդ տարի վերջինս գրանցվել է ծանոթությունների կայքում, որի կանոնների համաձայն՝ տղամարդիկ կարող են դրույքներ կատարել իրենց դուր եկած կնոջ համար եւ հրավիրել ժամադրության՝ վճարելով առաջարկված գումարը: Հեմը հավաստիացնում է, որ իր հետ ժամադրություններն ընդամենը ենթադրում են ընթրիք տղամարդու հետ եւ ոչ ավելին:
Նշենք, որ աղջիկը յուրաքանչյուր հանդիպման համար 200 դոլար է ստանում, բացի այդ` նրան միշտ նվերներ են մատուցում եւ հոգում ճանապարհածախսը:




Լրահոս