Փոշուց շնչել չի լինում. կրկին ահազանգում են Թեղուտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչների հերթական ահազանգը կրկին կապված է “Վալլեքս” ընկերության գործունեության հետ, որը, ինչպես գիտեք, ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը:
Ըստ գյուղացիների ահազանգի և ներկայացրած լուսանկարների` հանքի շահագործման հետևանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում ընկերության կողմից, բարձրանում են փոշու հսկայական ամպեր: Փոշին տարածվում է գյուղի և նրա շրջակայքի վրա` առաջացնելով լուրջ խնդիրներ մարդկանց համար:”Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը” – նշում են թեղուտցիները:
Ընդ որում` Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երևույթներից միայն մեկն է: Այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործվելու դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու: Իսկ “Վալլեքս” ընկերությունը, ինչպես և մյուս բոլոր հանքարդյունաբերողները, հերթական անգամ իրենց գործունեությամբ փաստում են, որ հանքի շահագործումից առաջ տրված խոստումներն ու հավաստիացումները, թե հանքը միայն և միայն բարիք է համայնքների բնակիչների համար, դատարկ ու փուչ են:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)




Լրահոս