Զոհված զինծառայողի տղայի նամակը կարդացի, երկու օր էր` լաց էի լինում. Արմեն Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի սկզբից ադրբեջանի սանձազերծած փաստացի պատերազմի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան բազմաթիվ զոհեր: Եվ չնայած ապրիլի 5-ին կողմերի միջեւ ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին համաձայնություն, դրանից հետո էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով նոր զոհեր ենք ունենում: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ ներկայացրել է թեմայի շուրջ մի շարք արվեստագետների կարծիքներ: Այս անգամ զրուցել ենք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ:

-Պարո՛ն Մարության, վերջին օրերին որոշ արվեստագետներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ մեկնել են Արցախ` ի զորակցություն հայ զինվորի եւ տեղի ժողովրդի: Դուք ի՞նչ եք կարծում` այս պահին տեղին կլինի՞ նրանց միանալ:

-Եթե իմաստ ունենա իմ այնտեղ գնալը, ես կգնամ. տարիքս նշանակություն չունի, մի պատրիոտն էլ ես եմ, բայց այստեղ էլ ահագին գործեր կան: Եթե յուրաքանչյուրը իր տեղում իր աշխատանքը լավ անի, ինձ թվում է` շատ կօգնի: Մենք թատրոնով գումար ենք հավաքել, որ ուղարկենք սահման, բայց որ գնանք, նստենք այնտեղ, իբր` տեսեք, մենք էլ ենք եկել, ինձ թվում է` դրանից շատ բան չի փոխվի:

-Ձեզ թատրոնում հաճախ են թուրքի դերեր բաժին ընկնում: Հոգեբանորեն դժվար չէ՞ այդ կերպարները մարմնավորել:

-Այդ առումով իմ բախտը ինձ հետ է: Օրինակ` Թալեաթ փաշա եմ խաղացել, մի քանի օրից էլ «100 տարի անց» ներկայացման շրջանակում պետք է Հասան Ջեմալի կերպարը կերտեմ: Չնայած Թուրքիայում էլ կան մարդիկ, որոնք անարդարությանը դեմ են: Իմ այս վերջին կերպարն էլ քիչ թե շատ այդպիսին է, ուստի ավելի հեշտ եմ խաղում:

-Ի՞նչ եք կարծում` ժամանակը չէ՞, որ մեր արդի դրամատուրգներն իրենց գործերում արծարծեն արցախյան թեման, գուցե նաեւ նոր շեշտադրումներով:

-Այո՛, ժամանակն է, որ ինչպես երգարվեստում է այդ թեման ներկայացվում, այնպես էլ դրամատուրգիան դրան անդրադառնա: Վերջերս կարդացի 11-ամյա հայ տղայի նամակը` օրեր առաջ զոհված հայրիկին: Երկու օր լաց էի լինում: Ոնց որ արվեստի գործ լիներ էդ երեխու գրածը: Դա արդեն իսկ մի սցենար էր, մի կինո, մի ներկայացում: Չնայած սա այնպիսի ազգ է, որ համախմբվելու համար ներկայացում պետք չէ. որ դանակը ոսկորին է հասնում, մի մարդ են դառնում: Նայում եմ մեր երիտասարդներին, խելքս գնում է, ես նրանց ցավը տանեմ. էդ ի՞նչ արյուն է նրանց երակներով հոսում: Ինձ թվում էր` ամեն ինչ կորած է, բայց պարզվեց` մեր ջահելների շնորհիվ ամեն ինչ փրկված է: Սա մի ապշելու ժողովուրդ է… Տեսա՞ք` ոնց զարթոնք ապրեց, ոնց 1988 թիվը կրկնվեց: Հակառակորդի լավ զենք ունենալը նշանակություն չունի. դա իրենց առավելություն չի տալիս:

-Վերջերս շատերն են կես կատակ-կես լուրջ ասում, թե Հայաստանն այն միակ երկիրն է, որտեղից խաղաղ ժամանակ արտագաղթում են, իսկ պատերազմի ժամանակ ներգաղթում:

-Բա ի՞նչ անեն. գալիս են, որ իրենց երկիրը պահեն: Նրանց համար կարեւոր է հայրենիք ունենալը: Աչքերս թացանում են, սիրտս մղկտում է մեր զոհված երեխեքի համար. նրանք չեն մահացել, վերածնված հերոսներ են ու ավելի երկար կապրեն, քան ես: Նրանց բոլորի ընտանիքներին ինչով հնարավոր է` պետք է օգնել: Եթե դերասանները, բժիշկները, ուսուցիչները կարողանում են գումարներ հավաքել, ապա ես պատկերացնում եմ` մեր օլիգարխ-մեծահարուստները ինչեր կարող են անել: Այն, ինչ Արցախում քանդվել է, պետք է արագ վերականգնել, որ թուրքը զարմանա, ապշի, թե էս ինչ ժողովուրդ են սրանք, փյունիկի պես կարողանում են մոխրից վերածնվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս