ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ ի կատարումն վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի, հրապարակել է անցկացված արտաքին աուդիտից դրական եւ բացասական եզրակացություն ստացած խոշոր կազմակերպությունների ցանկը, ինչպես նաեւ այն կազմակերպությունների անունները, որոնցում արտաքին աուդիտ չի անցկացվել: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն՝ որպես պարտադիր արտաքին աուդիտ անցած կազմակերպություն, արժանացել է բացասական կարծիքի: Աուդիտի արդյունքում բացասական եզրակացություն ստացած 203 կազմակերպությունների ցանկում «Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարության» փակ բաժնետիրական ընկերությունը 41-րդ տեղում է: Այս ընկերությունում արտաքին աուդիտը կատարել է «Թրաստ աուդիտ» ՓԲԸ-ն, աուդիտի ավարտման ժամկետ է նշված 2013թ. մայիսի 31-ը:
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ ղեկավար Արծրունի Ղալումյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե աուդիտի արդյունքում դրական կարծիք չստացած իրենց ընկերությունն այդ պատճառով արդյոք զրկվելու է պետական գնումների գործակալության կողմից հայտարարվելիք մրցույթներին մասնակցելու իրավունքից: Ա. Ղալումյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, որ իրենց ընկերությունն արտաքին աուդիտի արդյունքներով բացասական եզրակացություն է ստացել, ուստի չի կարող մեր հարցին պատասխանել: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսված է իրականացնել Ներքին Ծաղկավան գյուղ մտնող, 2 տարի առաջ սողանքից փլված ավտոճանապարհի վերականգնման ծրագիրը: Այն պետք է իրականացնի «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Արդյոք նշված պատճառով կենսական այդ ծրագրի իրականացումը վտանգի տակ է: Պարոն Ղալումյանն ասաց, որ այդ ճանապարհի վերականգնման մրցույթն արդեն կայացել է, իրենք մրցույթում հաղթել են, ուստի նման խնդիր չի կարող լինել:
Նշենք, որ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ամենախոշոր ձեռնարկություններից է, ունի շուրջ 150 աշխատող, ճանապարհների շինարարության համար նախատեսված արդիական տեխնիկա: Այդ ընկերությունը մի քանի տարի առաջ ճանապարհների շինարարության աշխատանքներ էր կատարում ոչ միայն Տավուշի մարզում, այլեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Lոռու մարզի Տաշիրի շրջանում: Սակայն ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ կատարած աշխատանքներում խախտումներ էր հայտնաբերել: Հավելենք, որ պետական գնումների գործակալության կողմից անցկացվող մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկվելու դեպքում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն կհայտնվի ֆինանսական ծանր վիճակում:
Տավուշ