Երևանի քաղաքապետարանը շարունակելու է ակտիվ կապ պահպանել Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցության սկզբում զեկուցվել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների ակտիվ համագործակցությունը ԼՂՀ գործընկեր շրջանների և համայնքների հետ: 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից նախորդ շաբաթ ևս պարենային աջակցություն, անհրաժեշտ գույք, ինչպես նաև բեռնատար մեքենաներ են ուղարկվել ԼՂՀ:

Սոցիալական ապահովության վարչության պետն էլ զեկուցել է, որ աշխատակազմի ներկայացուցիչներն ամենօրյա այցեր են կատարում Երևանի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող վիրավոր զինծառայողներին և ազատամարտիկներին: Համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Հանձնարարվել է շարունակել ակտիվ կապ պահպանել ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբի, ինչպես նաև Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների մասին, ինչպես նաև այս ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների ընթացքի մասին:

Անդրադառնալով Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի արդիականացման ծրագրին` զեկուցվել է, որ ավարտվել են շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումները, որոնց շրջանակում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները կքննարկվեն մասնագետների կողմից և վերջնական նախագիծը կներկայացվի հանրությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս