«Մասիսն՝ Արցախին». միասնության հանրահավաք Մասիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ ապրիլի 18-ին ժամը 17:30 Արարատի մարզի Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում Մասիսի քաղաքապետարանի և համայնքի բնակիչների կողմից կազմակերպվելու է միասնության հանրահավաք «Մասիսն՝ Արցախին» կարգախոսով: 17:30-ից կմեկնարկի քաղաքի ուսումնական հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների և բնակիչների երթը դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ:

18:00-ից կմեկնարկի հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները իրենց ձեռքում կունենան ՀՀ և ԼՂՀ դրոշներ, կարգախոսներ, զոհված հերոս-զինվորների նկարներ:

Կոչ-ելույթներով հանդես կգան Մասիս Սբ. Թադևոս եկեղեցու սպասավոր տեր Արարատը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, զոհված ազատամարտիկների մայրեր, մտավորականներ, գործարարներ: Հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները կփակցնեն իրենց կողմից գրված նամակներ «Իմ եղբայր զինվորին» խորագրով, որոնք հանրահավաքից հետո կուղարկվեն առաջնագծում ծառայող զինվորներին:

Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի: Հանրահավաքը կտևի մինչև 19:00: Ակնկալվում է 3000-4000 մասնակից:

Ապրիլի 18-ին ժամը 17:00-ին Երևան քաղաքի Շահումյանի հրապարակից կկազմակերպվի լրագրողների տեղափոխություն դեպի Մասիս և հակառակ ուղղությամբ:

Միջոցառման աջակից՝ «Մասիսի Զարգացման Հիմնադրամ»




Լրահոս