Դինքի գործով երկու կասկածյալ ոստիկաններ ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ապրիլի 19­-ին տեղի ունեցած դատական նիստում որոշում է կայացվել ազատ արձակել երկու կասկածյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն, ով Դինքի սպանության ժամանակ եղել է Տրապիզոնի ոստիկանության կոմիսարներից: Դատարանն արգելել է նրանց երկրի տարածքից դուրս գալ: Դատարանի որոշմամբ` Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության C բաժանմունքի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը և Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը կշարունակեն ձերբակալված մնալ: Դինքի գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 24-­ին: Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19­-ին` խմբագրության առջև կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17­ին դատարանի որոշմամբ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 5­րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունն սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:




Լրահոս