Հրազդանի քաղաքապետի ընտրությունները փաստացի դարձել էին փորձաքար ընդդիմության եւ իշխանությունների համար, չնայած կողմերն իրերի վիճակն այդկերպ ներկայացնելուց ձեռնպահ էին մնում: Ողջ հանրապետությունը իսկապես շնչակտուր սպասում էր` ինչ է լինելու, որպեսզի հասկանալի դառնա, թե քաղաքական վերադասավորվածությունն ինչ խճանկարով կպատկերվի:
Ընդդիմության դեպքում սա հնարավորություն էր՝ համոզվելու, թե արդյոք հնարավոր է, տեղամասերում քվեարկությունը վերահսկելով, լցոնումներ եւ ուրիշի փոխարեն քվեարկություն թույլ չտալով, հաղթել իշխանություններին: Այլ կերպ ասած՝ այս ընտրությունների միջոցով անհրաժեշտ էր հասկանալ՝ ընտրակաշառքի համակարգին դիմակայելու հնարավորություն չունեցող քաղաքացիների տեսակարար կշիռն արդյո՞ք կեսից ավել է, թե անցած երկու տասնամյակի ընթացքում այդ աղտը հասցրել է հասարակության մեծամասնությանը պատել: Մինչ այս մշտապես ենթադրվել է, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը ընտրակեղծարարության աղտով վարակված չէ, եւ ընդամենն անհրաժեշտ է մարդկանց ընտրելու հնարավորություն տալ, «պահել» նրանց տված ձայները, եւ իշխանությունները ստիպված կլինեն կա՛մ իրենց պարտությունն ընդունել, կա՛մ էլ պետք է դիմել ուժային ու բաց ընտրակեղծարարության մեթոդների, որի դեպքում ընտրությունները, որպես այդպիսին, կդադարեին գոյություն ունենալ:
Ի դեպ, նման «մարտի» մեջ հնարավոր էր մտնել միայն հիրավի մեծ հեղինակություն վայելող եւ իր մրցակցի նկատմամբ ընտրվելու կրկնակի անգամ ավել հնարավորություն ունեցող թեկնածուի միջոցով: «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը հենց այդպիսին էր, քանի որ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը որեւէ կերպ չէր կարող նրա հետ համեմատվել: Մի կողմում պատերազմի բովով անցած, իր ծննդավայրին նվիրված հերոս է, մյուսում՝ իշխանությունների վառ ներկայացուցիչ, որն իր ողջ կենսագրության ընթացքում պետական պաշտոնի միջոցով հղփացել է, 14 տարի ղեկավարելով Հրազդանը՝ այն հասցրել է փլուզման եզրին` պատերազմի տարիներին առաջնագծից փախչելով:
Իշխանությունների համար Հրազդանը կարեւոր էր, որպեսզի նրանք ցույց տային, որ իրենք իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եւ փոփոխության բոլոր հնարավորությունները բացառվում են: Այդ իսկ պատճառով իշխանությունները Հրազդանում ներդրել էին իրենց ողջ ռեսուրսը: Նույնիսկ իշխանական շրջանակներն են ընդունում, որ կիրակի օրը Հրազդանում գործադրված ֆինանսական եւ մնացած իշխանական ռեսուրսների նման ծավալ անգամ նախագահական ընտրությունների ժամանակ չի կիրառվել: Այլ կերպ ասած՝ իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ «պոլի փեդին» էլ կարող են դարձնել «հաղթող»:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ տեղամասերում քվեարկության արդյունքները պահելն անհրաժեշտ, բայց բավարար չէ՝ ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար: Այլ կերպ ասած՝ կարելի է տեղամասերը պահել, թույլ չտալ լցոնում, թույլ չտալ, որ քո թեկնածուի ձայները «չկորեն», բայց միեւնույն է՝ իշխանություններն ընտրակաշառք բաժանելով՝ մարդկանց կբերեն տեղամասեր, եւ նրանք իրենց ձեռքով կքվեարկեն իրենց թալանելու ու նվաստացնելու օգտին: Այսինքն՝ սովորական քարոզարշավը, մարդկանց քո տեսակետները ներկայացնելը բավարար չեն, որպեսզի ընտրողների մեծամասնությունը հրաժարվի ընտրակաշառք վերցնելուց եւ գնա տեղամաս ու ընտրի իր կյանքը լավացնել խոստացող թեկնածուին: Ի վերջո, իշխանությունները կարող են պարզապես ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացնել, ինչպես որ արեցին Հրազդանում: Հրազդանցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ընտրակաշառքի նվազագույն շեմը եղել է 10 հազար դրամը: Սակայն հետագայում այն բարձրացել է 15 հազարի, իսկ քվեարկության օրը՝ երեկոյան, այն հասել է 30-40 հազար դրամի:
Այսինքն՝ ընդդիմությունը պարտադրված է մինչեւ քվեարկությունը՝ քարոզարշավի փուլում, զուտ իր տեսակետները ներկայացնելուց բացի՝ «մարտի» բռնվել, ընտրողներին իշխանական ընտրակեղծարարների ճիրաններից ազատագրել: Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն այդ մարդկանց մեկ առ մեկ այցելելով, նրանց հնարավորություն տալով, որպեսզի իրենց ուժեղ զգան` վստահ լինելով, որ քվեարկության գաղտնիությունն ապահովված է:
Այսօրվա մեր իրականության մեջ ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները դարձել են իրավիճակի լիակատար տերը: Տեղերում նրանք բոլորը մինի իշխանիկներ են: Վաղուց ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողները հանրային գիտակցության մեջ ընկալվեն որպես ամենազազրելի եւ եղկելի երեւույթ: Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ հայկական բառապաշարում բոլոր տեսակի հայհոյանքների կողքին հայտնվի «ընտրակեղծարար» հասկացողությունը: Օրինակ՝ ինչպես մեկ բառով ասել, որ այս կամ այն մարդն անբարոյական է, անհայրենիք եւ մարդկային բոլոր որակներից զուրկ անձնավորություն է: Նման մարդկանց կարելի է բնորոշել մեկ բառով. ընտրակեղծարար:
Սա, այսպես ասած, իրավական կողմը: Իսկ ինչ վերաբերում է Հրազդանի ընտրությունների բարոյահոգեբանական կողմին, ապա պետք է նկատել, որ հասարակության զգալի մասը կարծում էր, թե քառօրյա պատերազմից հետո իշխանությունները դասեր կքաղեն եւ թույլ չեն տա փողով ճնշել ազատամարտիկին ու իր թիմին: Քանի որ կյանքը ցույց տվեց, որ նրանք են մեր երկրի սահմաններ պահողը, իսկ ՀՀԿ-ականները` ի դեմս Դանիելյանի, պետության հաշվին հարստացողներն են:
Բայց հիասթափությունն անասելի էր, փողը հաղթեց սկզբունքներին, իրենց ապագան ընտրական այդ գործընթացում տեսնող համարձակ երիտասարդներին, դրա համար էլ ընտրության ավարտից հետո խմբված երիտասարդները հավաքվել էին Կոտայքի մարզպետարանի մոտ` վանկարկելով «Սա-սուն» եւ ցանկանում էին անհնազանդություն իրականացնել: Բայց Միքայելյանը թույլ չտվեց` խնդրելով պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում անկայունություն չստեղծել:
Բայց Արամ Դանիելյանի թիմակիցները չհասկացան իրավիճակը եւ երեկ գիշեր հարձակվել են Միքայելյանի թիմակիցների վրա` նրանցից հաշիվ պահանջելով, թե ինչու են իրենց «փող բաժանող» ասել: Սակայն ծեծվելով մի կերպ ծլկել են տարածքից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԾԵԾՎԵԼ, ՓԱԽԵԼ ԵՆ
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ժամը 21-ի սահմաններում, երբ Սասուն Միքայելյանն իր թիմակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպել իրենց թաղամասի ռեստորանում` շնորհակալություն հայտնելու համար, Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի մի քանի կողմնակիցների եւ 10 մեքենայից բաղկացած հրոսակախմբով, հարբած վիճակում հարձակվել հետեւյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասո՞ւմ»: Փողոցից մի քիչ հեռու գտնվող ռեստորանային համալիրում իմանալով ծեծի մասին, արագ դուրս են եկել եւ անցել ինքնապաշտպանության: 10 մեքենաներից իջածներին ստիպել են կա՛մ փախչել, կա՛մ ոստիկանների օգնությամբ մի կերպ տեղավորել են ավտոմեքենայի մեջ: Տեղեկություններ կան, որ նրանց մի մասը հիվանդանոցներում է:
Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արամ Դանիելյանը շտապել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն եւ այնտեղից դուրս բերել իր եղբորը` Արթուրին, եղբորորդուն` Արգամին, եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիր» Սմբատին:
Տեղեկացնենք, որ ոստիկանությունը զբաղվում է միջադեպով, իսկ թե ինչ կարգավիճակով են Դանիելյանի եղբորն ու նրա որդուն ազատ արձակել, մեզ չհաջողվեց ճշտել:
ԼՈՒԾՈՒՄ ՄԻՇՏ ԿԳՏՆՎԻ
Այս օրերին հայաստանցի այն վարորդները, ովքեր ավտոմեքենաներ էին ներմուծել Ռուսաստանից եւ չէին ազատվել ավելացված արժեքի հարկի 20 տոկոս վճարից, սկսել են խորամանկ քայլի դիմել: Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր ՀՀ ԱԺ ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին փաթեթը: Այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այսպես մարտի 31-ից սկսած՝ ԵՏՄ տարածքից Հայաստան ներմուծված մեքենաների համար 20 տոկոս ԱԱՀ չպիտի գանձվի: Սակայն այն վարորդները, ովքեր ԵՏՄ տարածքից ավտոմեքենա են ներմուծել մինչեւ մարտի 31-ը, այս արտոնությունից չեն օգտվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչեւ մարտի 31-ը ԵՏՄ տարածքից ՀՀ ավտոմեքենա ներմուծած քաղաքացիները կրկին հետ են վերադառնում ՌԴ, սահմանը հատում եւ վերադառնում: Արդյունքում, նրանք ազատվում են 20 տոկոս ԱԱՀ-ից:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը անցած տարվա համեմատ մոտ 200-ով աճել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-փետրվարին այս տարի արձանագրվել է 2 հազար 541 հանցագործություն՝ անցած տարվա 2 հազար 354-ի փոխարեն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱԶԱՏՎԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հրայր Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է: Առայժմ հայտնի չէ, թե որն է Հրայր Սարգսյանի` աշխատանքից հեռանալու պատճառը, ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնելու է Ռուսաստան` շինարարական բիզնեսով զբաղվելու:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին: Նալբանդյանը Բեխլերի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումներին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆՄԱՆ ՉԷ
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան վրա նախօրեին կատարված հարձակմանը, երբ անհայտ անձը, մեքենայով մոտենալով, ուսումնական նռնակ էր նետել, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն armlur.am-ին ասել է. «Դա ավելի շատ մաֆիոզ ստրուկտուրաների ձեռագրին է նման: Կարեւորն այն է` որտեղ է ընկել նռնակը: Ուսումնական նռնակով ինչ պետք է ապացուցեին: Ուսումնական նռնակը ճիշտ եւ ճիշտ խաղալիք է: Ուղղակի ես չեմ հավատում, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված ինչ-որ բան է: Դա նրան նման չէ»: Նշենք, որ ոստիկանության եւ ԱԱԾ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ իր բնակարանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1984 թվականին ծնված Հովհաննես Մ-ն, որը խոստովանել է, որ ինքն է երկրորդ նախագահի տան վրա նռնակ նետել:
ԴԻՄԵԼ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ
«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը գործարարի նկատմամբ սահմանված պատժատեսակի փոփոխման խնդրանքով նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակի տակ շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում արդեն 15000 մարդ է ստորագրել: Հիշեցնենք, որ Հայրապետյանն օրերս դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: