Հազիվ թե մեր խորհրդարանում գտնվի մեկ այլ պատգամավոր, որի կենսագրության մեջ չափազանց շատ լինեն հարցականները, “բաց թողնված” տարիները, քան Հովհաննես Սոֆոյանն է, ինչպես շատերն են ասում, Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի հովանու ներքո գտնվող անձը, որը համալրել է Հանրապետականի շարքերն ու տեղ զբաղեցրել Ազգային ժողովում: Այս պատգամավորին շատերը չեն ճանաչում, շատերը մոռանում են նրա գոյության մասին, որովհետեւ խորհրդարանում նրա գործունեության ՕԳԳ-ն գրեթե զրոյի է հավասար:
Ավելին, այս պատգամավորի մասին խոսելիս հենց իր գործընկերներից ոմանք զարմանում են, թե ինչու են նրան ընդգրկել համամասնական ցուցակում: Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց Սամվել Կարապետյանն է լուծել նրա հարցերը՝ այսպես կամենալով եւս մի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում… Ոմանք էլ Սոֆոյանի ,ֆենոմենըե բացատրում են այն հանգամանքով, որ նա ծնունդով Ջավախքից է: Այսինքն, մեր խորհրդարանում ապահովում է ջավախահայության ներկայությունը:
Իհարկե, մենք վաղուց ենք համոզվել, որ ջավախահայերը խորհրդարանում երբեք էլ որեւէ խնդիր չեն բարձրացնում իրենց երկրամասի, Հայաստան-Ջավախք կապերի ամրապնդման մասին, սակայն կարեւորն այն է, որ նրանք ԱԺ-ում են եւ լուծում են իրենց անձնական հարցերը:
Հովհաննես Սոֆոյանի կենսագրությունը, ինչպես նշեցինք, բավական հետաքրքիր “զարգացումներ” ունի: Նա 1981 թվականին ընդունվել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1990-ին` մոտ տասը տարի անց, ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժինը: Այսինքն, սովորել է տասը տարի՝ այս ընթացքում ծառայելով խորհրդային բանակում: Դեռեւս ուսումը չավարտած` մեկնել է Ռուսաստանի Դաշնություն եւ անմիջապես հայտնվել Սամվել Կարապետյանի հովանու ներքո՝ դառնալով Կալուգայի “Արմենիակալուգաշին” շինարարական վարչության պետի տեղակալ, իսկ 1991-ից 2003 թվականը եղել է պետ:
Աժ պատգամավորի կյանքի 5 տարիները գաղտնի են պահվում. որտե՞ղ է եղել 2003-ից 2008 թվականը, ինչո՞վ է զբաղվել: Որեւէ մեկին հայտնի չէ: Բայց ահա 2008-ին դարձել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ ու գործադիր տնօրեն: Ասում են՝ դարձյալ Սամվել Կարապետյանի միջնորդությամբ եւ ջանքերով: 2012-ին դարձել է “Վիրահայերի միասնություն” հասարակական կազմակերպության համանախագահ: Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ այս հասարակական կազմակերպությունը, ըստ էության, որեւէ գործունեություն չի ծավալում, սակայն խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին հանդես է գալիս իշխանությանը պաշտպանելուն նվիրված հայտարարություններով: Երեւի միակ գործառույթն էլ դա է, որպեսզի սատարի իշխանությանը: Մենք զրուցեցինք Հայաստանում ապրող բազմաթիվ վիրահայերի հետ, որոնք բացասական գնահատական տվեցին ինչպես այս կազմակերպությանը, այնպես էլ՝ նրա համանախագահներին` ասելով, որ կազմակերպության հայտարարությունները մնում են օդից առկախ, ապահովում են նրա համանախագահների բարեկեցությունը, մինչդեռ հայաստանյան ջավախահայերը միշտ էլ իրենց ձայները տալիս են ընդդիմությանը…
Հովհաննես Սոֆոյանի ունեցվածքի հայտարարագրին նայելիս կարելի է մտածել, որ բավական համեստ մարդ է: Հովհաննես Սոֆոյանը ունի 1 ավտոմեքենա` Mersedes Benc-G 550AMG: Տարեկան դրամական եկամուտը` 4 մլն 800 հազ. դրամ (աշխատավարձ ըմբշամարտի ֆեդերացիայից): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 12 մլն ՀՀ դրամ, 30 հազ. ԱՄՆ դոլար: Անշարժ եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի: Ինչպես նկատեցինք, արդեն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում գրանցված Սամվել Կարապետյանի հովանավորյալն անգամ իր անունով տուն կամ բնակարան չունի: Երեւի հյուրանոցում է ապրում կամ էլ վարձով, որովհետեւ իր կուտակած 30 հազար դոլարով Երեւանում, բնականաբար, չի կարողանա կարգին բնակարան գնել: Ուրեմն, հարց է առաջանում՝ որտե՞ղ է ապրում: Բոլորին հայտնի է, որ Սոֆոյանը բիզնես ունի, սակայն հայտարարագրում այս մասին ոչինչ չկա: Երեւի վախենում է գրի՝ չարակամները “աչքով տան”: Բայց փոխարենը` նա բարեգործական ծրագրեր է իրականացնում: Ի՞նչ միջոցներով, այդպես էլ անհայտ է:
Եթե Հովհաննես Սոֆոյանի կենսագրությունից ու գործունեությունից շատ բան անհայտ է մնում, ապա անհնար է որեւէ մեկի աչքից թաքցնել, որ նա հմտացել է խորհրդարանում բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու մեջ: Երեւի դա էլ նրա սրբազան պարտականությունն է… Դրսում բարեգործ է, ներսում՝ “կոճակ սեղմող”:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 596 համար