«Մի բան անել- հասցնելով» արդարադատություն կլինի՞. դատական համակարգում նոր դժգոհությունների ալիք է բարձարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում նոր դժգոհությունների ալիք է բարձարանում: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի խումբ դատավորներ դատական գործերով ծանրաբեռնվածության հետ կապված դիմել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` առաջարկելով իրավիճակին լուծում տալ, սակայն նրանց բողոքը տեղ չի հասել:

Հայաստանում դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը նոր չէ: 2015 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը բազում հարցերի տեղիք տվեց: Նախագծով առաջարկվում էր կոնկրետ ավելացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվաքանակը: Ըստ հիմնավորման՝ դատավորների թվի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրվող ժամանակահատվածում գերազանցում է Երեւան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը: Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ մինչեւ 1996 թվականը, երբ Հայաստանի բնակչությունը 4 մլն էր, դատավորների թիվը եղել է 120, եւ նրանք հասցրել են բոլոր գործերը քննել: Իսկ այժմ, երբ բնակչությունը 2 մլն-ի սահմաններում է, դատավորների թիվը հասել է 250-ի, բայց աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ. «Ո՞նց կարող է այդքան քաղաքացիական գործ լինել 2 մլն բնակչության դեպքում, ուրեմն արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են»,- եզրակացրել էր նախկին զինդատախազը:

Ինչեւէ, վերոնշյալ դատարաններում դատավորների թիվը ավելացվեց, սակայն ինչպես նկատում ենք՝ դատարաններում խնդիրը չի կարգավորվել, քանի որ արդեն տեւական ժամանակ է, ինչ մի խումբ քաղաքացիներ դիմում են տարբեր դատարաններ եւ բարձրաձայնում, որ իրենց դատական գործերը օդից կախված են մնացել: Ավելին՝ դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուների փոխանցմամբ` դատավորները դատական գործերով ծանրաբեռնածության եւ քաղաքացիների բողոքների առնչությամբ դիմել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` ասելով, որ քաղաքացիներն իրենցից են պատասխան ուզում, թե ինչու են իրենց գործերը ամիսներով հետաձգվում, իսկ իրենց ծանրաբեռնվածության մասին արդարացումները որեւէ կերպ չեն հետաքրքրում նրանց: Դատավորներն Արման Մկրտումյանին ասել են, որ անհրաժեշտ է դատավորների թիվը ավելացնել, այլապես անհնար կլինի իրավիճակը փրկել: Սակայն դատավորների մտահոգությունն ու քաղաքացիների դժգոհությունները մնացել են անպատասխան, քանի որ ի պատասխան ասվել է, որ այսօր մեր պետությունն այն վիճակում չի գտնվում, որ կարողանա ավելացնել դատավորների թիվը, ուստի միակ տարբերակը հետեւյալն է՝ մի բան արեք, հասցրեք:

Արդյունքում շատ դատավորներ այս օրերին հայտնվել են ծանր վիճակում եւ չգիտեն, թե ինչպես դուրս գան դրանից: Նկատենք, որ որոշ դատական գործերի հետ կապված ամբողջ 8 ամիս որեւԷ դատական նիստ չի կայացել: Օրինակ` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: Առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԻՄ առաջնորդի պահանջը, սակայն Վարդան Սեդրակյանի հարազատները բողոքարկել են այս որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան, որն էլ գործը ուղարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էպոսագետի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, ասաց, որ անցել է շուրջ 8 ամիս, սակայն այս գործով որեւէ դատական նիստ չի կայացել. «Համենայնդեպս ո՛չ ինձ, ո՛չ մեր փաստաբանին որեւէ ծանուցագիր չի ուղարկվել, թե ով է գործով դատավորը, երբ է կայանալու դատական նիստը»: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ արդեն 2 տարի է, ինչ Վարդան Սեդրակյանի ընտանիքին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված:

Մեկ այլ օրինակ՝ արդեն 1,5 ամիս է, ինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չի կայացել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հոր` Ռադիկ Օհանյանի յուրացումների գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործով նախկին դատավորը Նապոլեոն Օհանյանն էր, որն առողջական խնդիրների պատճառով մեկնեց արձակուդ եւ դադարեց քննել գործը, արդյունքում այն փոխանցվեց նույն դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս