Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու գործը խառնաշփոթի է վերածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանը ստորագրությամբ ազատ է արձակվել եւ ուղարկվել «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն՝ բուժում ատանալու: Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել էր, որ նախաքննություն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի Հովհաննես Մուրադյանին կալանավորեն, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը:

Այս հրապարակումից որոշ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը լի է հակասություններով ու անճշտություններով:

Նա, մասնավորապես, նշել էր, որ դատարանի որոշումը քննիչը ստացել է, ըստ որի՝ միջնորդությունը ե՛ւ բավարարվել է, ե՛ւ մերժվել: Ի վերջո, ինչ հակասությունների մասին է խոսքը, եւ, առհասարակ, քննիչի միջնորդությունը բավարարվե՞լ է, թե՞ մերժվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննես Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ այն, ինչ արել է ՀՀ քննչական կոմիտեն, «իրենց չի սազում». «Ըստ էության, կալանավորման որոշման մեջ ոչ մի հակասություն էլ չկա, պարզապես տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Դատարանի աշխատակիցները անզգուշությամբ Հովհաննես Մուրադյանի կալանքի գործի որոշմանը, 1 թե 2 էջ այլ գործի որոշումի էջերից են կցել:

Հովհաննես Մուրադյանի վերաբերյալ որոշումը ամբողջական է, եւ դատարանը մերժել է Հ. Մուրադյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը: Ես կարծում եմ, որ քննչական կոմիտեն՝ որպես լուրջ կառույց, չպետք է շահարկեր դատական դեպարտամենտի աշխատակիցների անզգուշությունը, որովհետեւ դա որեւէ կերպ որոշման որակի վրա չի ազդում: Դատավոր Շահնազարյանը շատ մեծ կամք է դրսեւորել որպես երիտասարդ, գրագետ դատավոր, որոշում է կայացրել օրենքին համապատասխան: Վերջնական արդյունքում, եթե որեւէ մեկը պետք է պատասխանատվություն կրի, ապա դա կլինեն ներքին օղակի սովորական շարքային աշխատող երեխաները, որոնք օրն ի բուն մեծ պատասխանատվությամբ աշխատում են, եւ մարդ են, կարող էին եւ այդպիսի վրիպակ թույլ տալ»:

Ըստ էության` ստացվում է, որ փորձելով քողարկել ՀԿԳՎ քննիչի անզորությունը, որ չկարողացավ երկրորդ նախագահի տան վրա նռնակ նետողին կալանավորել տալ, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց դատավորի որոշման մեջ հակասությունների առկայության մասին, ինչը պարզապես տեխնիկական վրիպակ էր եւ ոչ ավելին:

Ք. Մանուկյան




Լրահոս