Հայաստանի քաղաքական դաշտին փոքր-ինչ խորությամբ ծանոթ ցանկացած մեկը կհիշի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք իշխանության հստակ տարաբաժանում կար մեր երկրում: Ի տարբերություն այսօրվա՝ չինովնիկների մեծամասնությունն “իր տեղում էր”, իսկ Քոչարյանի հենարանը համարվում էր Սերժ Սարգսյանը: Վերջինս, 1998-ից սկսած, դարձավ Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը: Ներիշխանական խմորումները ծավալվում ու հարթվում էին նրա ղեկավարությամբ, գործարարները “զարգանում” էին Սարգսյանի “դաբրոյով”, պաշտոնյաների մեծ մասը նշանակվում ու ազատվում էր նրա կամքով եւ, որ ամենակարեւորն է, Քոչարյանի հետ ինչ-որ առիթով գժտված կամ նրանից նեղացած մարդկանց “սիրտն առնում էր” հենց Սերժ Սարգսյանը: Ասել է թե՝ նա եղել է Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ գորշ կարդինալը՝ դրանից բխող նաեւ բոլոր վատ հետեւանքներով: Եվ այդ իրողությունն այն աստիճան հստակ էր, որ նույնիսկ Սարգսյանն ինքը մի առիթով լրագրողներին ասաց, թե “նույնիսկ ԱԺ-ում եթե լամպը տրաքի, էլի պիտի ասեք՝ իմ մատը խառն է”: Հատկապես այդ հայտարարությունից հետո գրեթե բոլոր իրադարձությունների մեջ քաղաքական ու հասարակական շրջանակներն անվերջ փնտրում էին “Սերժի ամենակարող մատը”:
Իսկ ի՞նչ եղավ այդ “մատին” 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը մտավ նախագահի նստավայր: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չհաջողվեց նույն հմտությամբ կառավարել երկիրը՝ արդեն ՀՀ նախագահի աթոռին նստած:
Թերեւս դրա պատճառներից գլխավորն այն է, որ սովորաբար գորշ կարդինալի համարում ունեցողները, հրապարակային դաշտ մտնելով, կորցնում են իրենց ունակությունները: Բայց կա նաեւ մեկ՝ առավել կարեւոր հանգամանք. Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման օրոք այդպես էլ չկարողացավ ունենալ այնպիսի մեկին, ում վստահեր այնքան, ինչքան իրեն վստահում էր Քոչարյանը: Երկար ժամանակ այդ դերում իր փեսան էր` հանրահայտ Միքայել Մինասյանը, որը, սակայն, հիմա մեկուսացված վիճակում է հայտնվել: Սերժ Սարգսյանի վստահելիների շրջանակը մերթընդմերթ փոխվել է, դրա համար էլ Սարգսյանը սկսեց առաջնորդվել ոչ թե երկիրը կառավարելու, այլ ընդամենը «յոլա տանելու» մղումով:
Արդյունքում, թերեւս, ինքն էլ իր հետ մենակ մնալիս գոնե իր համար խոստովանած կլինի, որ իրականում իր մոտ նախագահ աշխատելը չստացվեց:
Չստացվեց ոչ առաջին անգամ ընտրվելիս, երբ 10 մարդու արյուն թափվեց, չի ստացվում նաեւ ընդամենը Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթելուց հետո պաշտոնը պահելու ժամանակ: Սերժ Սարգսյանն առաջնորդվում է կայունությունը պահպանելու իր համար գերագույն նպատակով՝ երբեմն անհրաժեշտ եւ խոստացված “վիրահատական միջամտությունները” չանելու անխախտ դիրքորոշմամբ: Մինչդեռ հայտնի ճշմարտություն կա, որ ամենամեծ կայունությունը գերեզմանոցում է: Հետեւաբար պետք չէ երկիրը “սպանելու գնով” պահպանել այն:
“Ժողովուրդ” օրաթերթի 601 համար