Ապրիլյան պատերազմը հստակորեն ցույց տվեց, թե ինչքան թույլ է Հայաստանի պետական համակարգը: Վերջինիս գլխին կանգնած Սերժ Սարգսյանն իր նախագահության բոլոր տարիները վատնեց բացառապես սեփական դիրքերի ամրապնդման վրա: Հիշենք, որ դեռ նախորդ տարի Պոզների հետ հարցազրույցում որպես իր գերագույն ձեռքբերում Սարգսյանը համարել էր «թիմը կուռ պահելը»: Պատերազմն ապացուցեց, որ այդ «ամրակուռ» թիմն այլեւս պիտանի չէ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Հայաստանի ապագայի համար: Այդ առումով Սարգսյանը հրատապ փոփոխություններ անելու կարիք ունի:
Առանց որեւիցե չարամտության կամ հեգնանքի փաստենք, որ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակով եւ հատկապես բանակցություններում ուժեղ գտնվելու նպատակահարմարությամբ Սերժ Սարգսյանը տվյալ պահին ունի ներհայաստանյան զգալի աջակցություն: Գիտակցելով պահի լրջությունը՝ պետականությունն ամեն ինչից վեր դասող ցանկացած ուժ կամ քաղաքացի իրեն թույլ չի տալիս խոսել նրա հրաժարականի մասին, ինչն այս պահին ձեռնտու կլինի բացառապես Ադրբեջանին:
Որքան էլ Սարգսյանը չի ընտրվել արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով, նա՛ է այսօր հակառակորդի դեմ ներկայացնում Հայաստանի շահերը:
Սառը հաշվարկը հուշում է, որ Հայաստանին չի կարող բավարարել միայն զսպվածությամբ պայմանավորված եւ ամեն վայրկյան հօդս ցնդելու միտում ունեցող լեգիտիմության ոչ հաստատուն հիմքեր ունեցող նախագահությունը: Ուստի Սերժ Սարգսյանը պետք է մտածի կա՛մ աշնանն արտահերթ եւ, ամենակարեւորը, արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, կա՛մ էլ ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ համաձայնի ընդդիմության առաջարկներին:
Հասկանալի է, որ որեւէ ընտրական օրենսգիրք էլ չի երաշխավորելու ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը: Խնդիրն, ըստ այդմ, ինքնանպատակ քաղաքական կուրսից հրաժարվելու մասին հստակ ազդանշան հաղորդելն է: Արդյո՞ք 2008թ.-ից ի վեր արտաքին աշխարհում լեգիտիմություն որոնող Սերժ Սարգսյանը վերջին դեպքերից հետո չհամոզվեց, որ ոչ մի հայ-թուրքական արկածախնդրություն, ռուսական աջակցություն եւ եվրոպական ժպտադիմություն չեն կարող ապահովել իր եւ Հայաստանի անվտանգությունն այնպես, ինչպես ներքին իրական լեգիտիմությունը:
Այսօր բացառապես ներքին համախմբվածության շնորհիվ է Սարգսյանն ունակ դիմադրել արտաքին ճնշումներին: Բայց ինչպիսի հզոր ուժ իրենցից կներկայացնեին Հայաստանի իշխանությունները, եթե ընտրված լինեին ազատ ու ժողովրդավարական ընտրություններով:
Այս իրավիճակում նախօրեին ԱԺ-ում ծավալված անախորժ աղմուկ-աղաղակը չի կարող հիասթափեցնող չլինել: Ապրիլյան պատերազմից հետո նման ճոխություններ իրեն թույլ տալ կարող է միայն անհոգ ու իրավիճակին ոչ ադեկվատ քաղաքական համակարգը: Իսկ վերջինս ինքն իրեն չի կարող շտկվել, ուստի ուժեղ ձեռք է հարկավոր: Այդ կերպարում այսօր կարող է լինել բացառապես Սերժ Սարգսյանը: Մի՞թե Սարգսյանին հաճելի է, երբ ԱԺ-ում նմանօրինակ ողորմելի բանավեճ է ընթանում դեռ 100 զոհերի քառասունքն իսկ չտված:
Անընդունելի է, երբ ամեն մի անարժան միլիարդների հասնող կարողություն է կուտակել, մինչդեռ ժողովրդի մեծագույն մասն աղքատ է: Սա անթույլատրելի պերճանք է այսօրինակ դաժան տարածաշրջանում: Առնվազն անլրջություն է, երբ ամեն տարի սփյուռքից 10 միլիոն դոլար է մուրվում, ԼՂՀ ՊԲ-ի հաշվին հազիվ 5 միլիոն դոլար կուտակվում, իսկ, ահա, նախորդ 10 տարիներին Հայաստանից 9,8 միլիարդ դոլար թալանվում:
Բիզնես շահերով կուրացած պատգամավորն ի վիճակի չէ եվրոպացիներին բացատրել ԼՂ-ի հիմնախնդրի իրական էությունը, քանզի ինքն է բնույթով վաշխառու ու թերուս: Արեւմտյան ժողովրդավարություններում, երբ բացահայտվում է պետական սեփականության հափշտակման փաստը, մեղավորն արժանանում է ամենածանր պատժի: Ուստի այժմ չի կարելի բավարարվել լոկ պաշտոնանկություններով. դրանց պիտի հաջորդեն ամենախիստ պատիժները: Շեշտելի է, որ խոսքը ոչ թե կուլակաթափության, այլ պարզապես օրենքի ոչ ընտրողաբար ու հստակ կիրառման մասին է:
Թեեւ Սերժ Սարգսյանի պես ռեալիստը հաստատապես թքած ունի պատմության մեջ մնալու վրա, սակայն այսօրինակ աղետյալ դրությունն ունակ է հեշտությամբ փոխակերպվելու կատարյալ պատուհասի, նույնիսկ անհատապես նրա համար: Անժխտելի է, որ ներկայիս համակարգը կառուցել է անձամբ Սարգսյանը՝ բացառապես իրեն ենթարկված իշխանություն ունենալու դիտավորությամբ:
Բայց ի՞նչ գործնական հաջողություն է այն ապահովել հենց իր համար մինչ այժմ՝ Հայաստանի ներսում ընդդիմախոսներին ջախջախելուց, երկիրը թուլացնելուց բացի: Երկու ամիս առաջ Սարգսյանը պնդում էր, որ Հայաստանն արեւմուտքից ու արեւելքից շրջապատված էր ճահիճներով: Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ այդ մտայնությունը, ինչպես եւ արտաքին անվտանգության ամբողջ հայեցակարգը խարսխված էր հիմնովին թյուր ընկալումների վրա:
Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունն ազդարարող կոչնակ, օրինակ, կարող է լինել ԱԳ նախարարի հեռացումը: Եվ խիստ կարեւոր է, որ այդ պաշտոնում նշանակվի փորձառու, բայց միաժամանակ ոչ ռուսահպատակ գործիչ:
Աշխարհում նման ֆորս-մաժորները հասարակությունների եւ քաղաքական էլիտաների աշխարհայացքի կենսական վերափոխումների ազդակ են հանդիսանում: Արդ, Սերժ Սարգսյանին վիճակված է կա՛մ հայտարարել հայաստանյան կառավարման փիլիսոփայության վերանայման մեկնարկը, կա՛մ էլ շարունակել նույն մեթոդներով «շենացնել» երկիրը: Համոզված ենք՝ Սարգսյանը ամբողջ պետական ապարատում միակ գործիչն է, որ ամենաինֆորմացվածն է ու ամենից լավ է տիրապետում իր՝ իրապես անպետք թիմի իրական կարողություններին: Ուստի, անկասկած, այս ամենը նրա պատասխանատվության ներքո է:
Ն.Հովսեփյան