ՔՐԳՈՐԾ
ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ: Բանն այն է, որ ըստ ՀՔԾ-ի՝ ոստիկանները դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ են կատարել ու բռնություն գործադրել բաժին բերման ենթարկված քաղաքացի Արման Դավթյանի ու մյուսների նկատմամբ: ՀՔԾ-ում քրգործը հարուցվել է ՀՀ քր. օր.-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Զ. Զոհրաբյանը: Նա նշել է, որ Մոսկվա է մեկնել օգոստոսի 14-ին, այնտեղ կմնա մինչեւ սեպտեմբերի վերջ: Մոսկվայում նախկին պատգամավորը դեռ պետք է երեք անգամ վիրահատվի գլխի, ականջի եւ երկու անրակների շրջանում:
ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անուղղակի կերպով հակադարձել է Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե իր համար «Իլհամ Ալիեւն Ադրբեջանի նախագահի ավելի նախընտրելի թեկնածու է»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Բաբայանն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղը նախընտրում է ժողովրդավար հարեւան»: Նա նաեւ հավելել է, թե Ադրբեջանում նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղությունն ազգայնամոլությունն է, իսկ դրա հեղինակը տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդի մեջ հայատյացություն սերմանող Իլհամ Ալիեւն է:
ՎԱՐՈՐԴՆԵՐՈՎ
Օգոստոսի 18-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տրոլեյբուսի վարորդներն իրար դաժանաբար ծեծել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Դավիթ Անհաղթի այգում: Երիտասարդ վարորդները՝ 31-ամյա Սուրեն Մակիչյանը եւ 24-ամյա Գոռ Ջանազյանը, վիճաբանել են հատկացված ժամանակացույցով միջակայքը չպահելու համար: Երիտասարդներն այնքան են իրար ծեծել, որ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:
ԼՍՈՒՄՆԵՐ
ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները դիմել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ բուհերի ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն ու «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն առաջարկել են լսումներ կազմակերպել յոթօրյա ժամկետում:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Երեկ՝ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե օգոստոսի 23-ի իրենց հանրային ժողովի իմաստն այն է, որ ասողը մեկը չպետք է լինի. «Դուք ուզում եք, որ մե՞կը առաջարկի: Ես չեմ կարող խոսել կոնկրետ ստատիստիկայի մասին, բայց հավատացե՛ք, շատերն են սպասում քաղաքական ակտիվության: Մարդիկ անգամ խոսքի կարոտ են դարձել: Կան մարդիկ, որոնք խոսքի կարոտ են, որովհետեւ իշխանությունը, ինչպես գիտեք, արձակուրդի մեջ է, երկրի կողքով կարող են ամենասարսափելի բաներն անցնել, դա ոչինչ չի դրդի, որ արվեն որոշակի հայտարարություններ, քննարկումներ գնան»:
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ Կարեն Ներսիսյանը վեց տարի ժամկետով նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ: