Երեկ` օգոստոսի 20-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների հետ, որոնք արդեն մի քանի շաբաթ է՝ պայքարում են բուհերում վարձավճարների թանկացման դեմ:
Նախաձեռնության անդամներից Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Աշոտյանին ուղղված իրենց դիմումը` նշելով, որ ակնկալում են նախարարի գրավոր պատասխանը. «Դիմում ենք ԿԳ նախարարությանը եւ անձամբ նախարար Աշոտյանին, պահանջում կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհուրդների կողմից ընդունված որոշումը` ՀՀ որոշ բուհերում 80.000-ից 200.000 դրամով վարձավճարների թանկացման վերաբերյալ: Մենք, ուսումնասիրելով խնդիրը, եկել ենք այն եզրակացության, որ հիմնավորված չէ որոշումը եւ սպառնում է հայոց ազգային շահերին, քանզի այդ որոշմամբ շատ շնորհալի երեխաներ կզրկվեն ուսանելու հնարավորությունից, ինչի հետեւանքով մոտ ապագայում մենք կունենանք որակյալ կադրերի զգալի պակաս, որը կնպաստի նաեւ ազգի դեգրադացմանը եւ ուսումնատենչ երիտասարդների՝ երկրից տեղահանմանը: Մեր՝ առանց այն էլ արտագաղթի պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաթափություն»:
Արմեն Աշոտյանը հանդիպման մասնակիցներին փորձել է համոզել, թե ուսման վարձավճարների բարձրացման որոշման մեջ միտում չկա. «Ես ձեզ վստահեցնում եմ` միտումնավոր ազգաոչնչացման քաղաքականություն չկա: Հայաստանում կրթությունը թանկ էր մինչեւ այս որոշումը, ուսման վարձերի թանկացման հետ կապված որոշումը բուհերինն է, մենք երկար տարիներ փորձել ենք զսպել եւ ռեկտորներին խնդրել ենք նման որոշումներ չկայացնել, բայց հարկ է անպայման նշել, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է»: Նա նաեւ հայտարարել է, թե ուսման վարձավճարի բարձրացման պատճառով բուհերից որեւէ լավ սովորող ուսանող դուրս չի մնա: Նախարարը նշել է, թե 2014թ. 10-20 տոկոսով կավելանա պետպատվերով սովորող ուսանողների թիվը: Միայն թե խոստովանենք, անհասկանալի է` ինչպես պետք է Աշոտյանն օգնի բարձր առաջադիմություն ցուցաբերած, բայց վճարովի համակարգում սովորող կարիքավոր ուսանողներին: Համենայնդեպս, հազիվ թե բուհերը վարձավճարն այնքան զեղչեն, որ մարդիկ ի վիճակի լինեն վճարել այն:
Երիտասարդական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը հիմնավորել է, որ վարձերի բարձրացումը բուհերի վերազինման հետ կապ չունի՝ ասելով, որ մի քանի տարի առաջ Մանկավարժական համալսարանի նոր ռեկտորը, չբարձրացնելով վարձերը, այնպես արեց, որ լսարանները վերազինվեցին, 80%-ով բարձրացվեցին դասախոսների աշխատավարձերը: «Ձեզ հայտնի պատճառներով ես չեմ ցանկանում գործող եւ նախկին ռեկտորների աշխատանքների միջեւ անցկացնել զուգահեռներ»,-ի պատասխան՝ ասել է Աշոտյանը:
ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո «Ժողովուրդ»-ը Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց` որքանով իրենք գոհ մնացին ու ստացան հուզող հարցերի պատասխանը: Բնականաբար, ակտիվիստներին չէր բավարարել այդ հանդիպումը: Վ. Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք գոհ չեն նախարարի արձագանքից, քանի որ խոսակցությունը բուն թեմայից շեղվել էր: Նա վստահեցրեց, որ խնդրին լուծում չտրվելու դեպքում իրենք կդիմեն ավելի լուրջ մեթոդների` դասադուլների, պիկետների, եւ կբողոքեն այնքան ժամանակ, մինչեւ ուսանողների չվճարելու պատճառով բուհերը սնանկանան:
Տեղեկացնենք, որ բացի սրանից, բուհերի վարձավճարների բարձրացման դեմ պայքարում են նաեւ այլ ուսանողական խմբեր: Մեր հարցին, թե ինչու չեն միանում մյուս ակտիվիստներին, Վ. Մարտիրոսյանն ասաց. «Այդ խմբիկների պահանջը լուրջ չենք ընդունում, քանի որ այն քաղաքականացված ուղղորդում ունի, որքան էլ նրանք հերքում են, միեւնույն է, մենք պարզել ենք, որ ԲՀԿ-ի եւ Նախախորհրդարանի անդամներ են»:
Մյուս ակտիվիստները, սակայն, հերքում են քաղաքականացված լինելու մասին իրենց հասցեին հնչող մեղադրանքները: Կազմակերպիչներից Հարություն Մկրտչյանը այս կապակցությամբ նշեց. «Թեպետ խմբում կան տարբեր կուսակցություններին պատկանող ակտիվիստներ, սակայն այս ակցիան սոցիալական պայքար է, եւ որեւէ մեկս չենք ընդունի քաղաքական հայացքները»: Նա հավելեց, որ ինքը անկուսակցական է:
Հ. Մկրտչյանի խոսքով՝ իրենք էլ իրենց հերթին են շարունակելու պայքարել վարձավճարների բարձրացման դեմ: Ըստ նրա՝ սեպտեմբերի 2-ին, երբ աշխարհի այլ երկրներում կնշեն ուսումնական տարվա սկիզբը, իրենք կնշանավորեն որպես դասադուլի օր եւ ի նշան բողոքի՝ կդիմեն այդ քայլին:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԿՆՇԱՆԱՎՈՐԵՆ ԴԱՍԱԴՈՒԼՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ